Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեկդ Էդմոնին ու Ծառուկյանին ասեք` տղերք, ախր դուք ոչ թե իրար պետքա ընդդիմություն լինեք, այլ Նիկոլին, Փաշինյան Նիկոլին: Դրել, իրար փչացնում եք, որ ի՞նչ անեք: Սրանով դուք ապացուցում եք, որ ԱԺ-ում ընդդիմություն չկա, այլ կա իշխանություն ու էդ իշխանության ասենք թե համապատասխան վայրը կլասիկ մտնելու պատրաստ երկու մարգինալ ուժ: Իսկ թե Նիկոլն ինչքան կիքսեր ա տալիս, որոնց մասին օրերով կարելի ա խոսել, կգրեմ վաղը, իսկ մինչ այդ Էդմոնին ու Ծառուկյանին մեկդ հուշեք ամենավերևի տողը»:
Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նոր իշխանության ձևավորման գործընթացից տեղյակ չեմ, բայց եթե հանկարծ այդ գործընթացը փորձեն իրականացնել արդեն մերժված, բայց նոր հեղափոխական հագուստով շղարշված կերակրատաշտակային տրամաբանությամբ, կամ տուրք տալ նման մտածողությամբ ստամոքսածիններին, ապա հստակ ասեմ, նմաններին շատ մեծ հիասթափություն է սպասվում։
Դուք շատ ավելի մեծ խայտառակ և անփառունակ վախճան կունենաք, որ նույնիսկ կնախանձեք նախկին իշխանության կարկառուններին։
Հուսով եմ քաղաքական ղեկավարությունը կկանխի նմանների լաքեյական մուտքը պետական ապարատ։
Ավելին, կադրային նշանակումները պետք է լինեն բացառիկ թափանցիկ ու հաշվետվողական»։
«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մենակ մեր իրականության մեջ կարող էր լինել, որ, ասենք, մի ամբողջ նախընտրական քարոզաշավի ընթացքում 10 քաղաքական ուժ կռիվ էր տալիս խորհրդարանում ընդդիմություն աշխատելու համար: Դե հիմա ընենց ժամանակներում ենք ապրում, որ «ամեն ինչ հանրային պահանջով է». դա ես չեմ ասում՝ ժողովրդի իշխանության ձևակերպումն է: Իսկ ամենահետաքրքիրը հիմա այն է, որ երկու ուժ «ռինգում կռվում են», թե ո՞վ է ամենաընդդիմադիրը: Խառը ժամանակներում ենք ապրում: Երևի սա էլ էր հանրային պահանջ, հնարավոր է, չէ որ 70 մլն-անոց տոնածառն էլ էր այդ կոնտեքստում»:
Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուն Ալիևի մտերիմն է։ Բելառուսը , որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու է ներկայացրել Ստանիսլավ Զասին։ Վերջինս առավել հայտնի է, որպես Բաքվի ռազմական ինսիտուտի շրջանավարտ։ Բացի Բաքվի ռազմական ինսիտուտը ավարտելուց Զասը հանդիսանում է ադրբեջանական ռազմական ղեկավարության շատ մտերիմ անձնավորություն։ Զասը նաև բավականին մտերիմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ստանիսլավ Զասը հանդիսացել է նախաձեռնող Բելառուսի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա մատակարարելու գործում և հանդես է եկել որպես միջնորդ երկու երկրների կողմից։
Եթե նույնիսկ Զասը մինչև 2020 թվականը չզբաղեցնի այս պաշտոնը, ապա մեծ է հավանականությունը, որ 2020 թվականից հետո նա է ստանձնելու այդ պաշտոնը, քանի որ արդեն օրենքով Բելառուսի հերթն է լինելու։ Իսկ Ալիևը արդեն իր նպատակների մեջ ընդգծել է, որ եկող տարվանից փոփոխություններ են սպասվում Արցախի հարցի լուծման վերաբերյալ։ Դրան գումարած ամեն առիթ բաց չի թողնում, որպեսզի պատերազմի և ռազմական գործողությունների մասին հիշատակի։
Իսկ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի չլինելու պարագայում, Ստանիսլավ Զասը կդառնա նաև Ադրբեջանի անմիջական ներկայացուցիչն այդ կառույցում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը