«Ձեր նշած հայտարարությունը չեմ լսել: Բայց, ամեն դեպքում, «В мире животных» հաղորդման Դրոզդովը չեմ, որ քաղաքական կապիկներին անդրադառնամ»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականությունից չհեռանալու մասին խոսքին, ասել էր․ «Նախկին նախագահները պետք է իրենց կամքով դուրս գան քաղաքականությունից, եթե, իհարկե, Հայաստանի ապագայով մտահոգված են․ այլապես նրանք պետք է մերժվեն որպես այսօրվա իշխանական համակարգի պատճառ և անբաժանելի մաս»:
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով քաղաքականությունից հեռանալու մասին հարցին, ասել էր․ «Ես 2008 թվականի ապրի 9-ից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Բայց երկիրն այնպիսի վտանգների և արհավիրքների տակ է հայտնվել, և այդ ամբողջական պատկերը, այո, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Եվ մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ»։
Հարցին, թե՝ նախկին նախագահների ստվերը խանգարում է Բագրատ սրբազանի շարժմանը, Ռոբերտ Քոչարյանը ասել էր․ «Իսկական առաջնորդին, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդն ունի փոքր ստվեր․ կոնկրետ Բագրատ սրբազանին, կարծում եմ, ոչ մեկի ստվերը չի խանգարի, և տարօրինակ է ինձ համար, նաև զարմանալի է՝ ինչու են մարդիկ նման որակում տալիս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը