07 12 2018

Նրանք ինձ հիշում են, և ես երբեք չեմ մոռանա հզոր ժողովրդին. Նիկոլայ Ռիժկով

Նրանք ինձ հիշում են, և ես երբեք չեմ մոռանա հզոր ժողովրդին. Նիկոլայ Ռիժկով

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Ռոսիյսկայա գազետա» պարբերականը հարցազրույց է ունեցել Հայաստանի տուժած շրջաններում փրկարարական ու վերականգնողական աշխատանքների համակարգման հանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հետ:

 Լրագրողը նկատել է, որ երկրաշարժից հետո փլատակների տակից հաջողվել է 16.000 մարդ դուրս բերել, և դա միայն նրա շնորհիվ, որ Ռիժկովն ու օգնության եկած նրա թիմը կարողացել են առաջին իսկ օրը հաղթահարել համընդհանուր քաոսը:

 «Չեմ կարող ասել, որ առաջին իսկ օրվանից տիրապետել ենք իրավիճակին, քանի որ դա անհնարին էր. մարդիկ մեծ ցավի մեջ էին, ապակողմնորոշված: Շատերը լացում էին, չէին հասկանում՝ ինչ է կատարվում: Մեզ վրա գոռում էին, անձամբ ինձ ասում՝ «ինչո՞ւ ես եկել, ո՞ւր են վերամբարձ կռունկները»: Բայց մեկ օր անց հաջողվեց կազմակերպել աշխատանքը, համակարգել ջանքերը: Կարողացանք նաև մարդկանց բացատրել, որ լացելու, քարացած նստելու կամ գոռալու փոխարեն պետք է աշխատել, ողջ մնացածներին գտնել ու դուրս բերել»,-ողբերգական օրերի հիշողություններով կիսվել է Ռիժկովը՝ հավելելով, որ 16.000 փրկվածից զատ՝ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 40.000 մարդ:

 Լրագրողի նկատառմանն առ այն, որ Ռիժկովին Հայաստանում անվանում են «ամենափրկիչ», զրուցակիցը պատասխանել է, որ «հայերը, ի տարբերություն ռուսների, զարմանալի պատմական հիշողություն ունեն»:

 Ռիժկովը հարցազրույցը եզրափակել է հետևյալ խոսքերով. «Այո, նրանք ինձ հիշում են, և ես երբեք չեմ մոռանա հզոր ժողովրդին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ