Նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի կողմից քանդվեց Նոր Նորք Գյուրջյան փողոցի 1/3 հասցեի հողամասում արված կառույցը: Դատարանն արդեն վարույթ է ընդունել շինության սեփականատիրոջ բողոքարկումը։
Սեփականատեր Դավիթ Ահարոնյանը նշում է, որ հոկտեմբերի 29-ին քանդման որոշում է եկել իրեն. «Որոշում է եկել, որ հինգ օրյա ժամկետում ես իրավունք ունեմ դիմել դատարան, որպեսզի այդ քանդման որոշումը բողոքարկեմ։ Ես դիմել եմ դատարան, քանդման որոշումը բողոքարկել եմ, դատարանն արդեն նոյեմբերի 2-ին վարույթ է ընդունել և քանդման որոշումը կասեցրել է՝ այսինքն, թույլ չի տվել, որ այն քանդվի»։
Մինչև ապամոնտաժումը, քաղաքապետը հանդիպել է սեփականատիրոջ հետ և քանդման ուշագրավ հիմնավորում տվել․ «Քաղաքապետը եկել է մեր հետ բանակցելու և ասել է, որ ամեն գնով քանդելու է՝ կապ չունի օրենքով կլինի, թե՝ ոչ։ Հետո հարցրեց, թե ինչի չեմ գնացել իր հետ խոսել, բայց ես ասացի, որ բազմիցս դիմել եմ, սակայն դիմումը մերժվել է, ինչին ի պատասխան քաղաքապետն ասաց՝ բա դու ո՞վ ես, որ գաս իմ հետ խոսես, նույնիսկ վարչության պետը չի կարողանում իմ հետ խոսա»։
Համաձայն սեփականատիրոջ, շենքը պետք է քանդել այն դեպքում, երբ այն օրինականացնելու բոլոր ճանապարհները սպառված են։ Նախ հարցը պետք է քննվեր վարչական շրջանում, բացի այդ՝ պետք է լիներ քանդման վերաբերյալ դատական մարմնի թույլտվությունը։ Քաղաքապետարանը, փաստորեն, միանգամից գնացել է վերջին քայլին, չնայած որ կա կասեցման մասին դատարանի որոշումը։
Խնդիրն այստեղ, ըստ սեփականատիրոջ, քաղաքապետարանի նոր որդեգրած քանդողական քաղաքականությունն է․ «Քաղաքապետարանը, երբ եկավ ապամոնտաժելու, ինձ փաստաթուղթ տվեց, որտեղ տեղեկացնում էին շինության քանդման մասին, այնտեղ նաև նշված էր, որ հինգ օրվա ընթացքում կարող եմ դիմել դատարան, բայց ես հինգ օրում չէի հասցնի, վարչական դատարանը յոթ օրում նոր վարույթ է ընդունում՝ այսինքն, այսպես, թե այնպես քանդվելու էր, սակայն ես, գործելով օրենքի շրջանակներում, ստացել եմ դատարանի կասեցման որոշումը, իսկ նրանք այդ փաստից ջղայնացան, թե ո՞նց կարող է այդպես լինել, որ մարդը նոր է նստել քաղաքապետ ու չկարողանա քանդել, բայց օրենքի սահմաններում են իմ ամբողջ գործողությունները»,- ասում է սեփականատերը։
Քաղաքը պետք է մաքրել ապօրինություններից, սա հստակ է, սակայն ճշմարիտ է նաև այն, որ ապօրինության դեմ ապօրինությամբ չեն պայքարում։ «Ամեն գնով քանդելու եմ» արտահայտությունն իսկ նշանակում է, որ կողմերից մեկի համար այդ գինը շատ բարձր է լինելու։ Այս դեպքում բարձր էր կառուցողի համար, իսկ եթե նրա դատական պահանջը բավարարի՝ նաև քանդողի համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը