Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված 1100քմ տարածքի կառուցապատող Դավիթ Ահարոնյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` «Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված կառույցը քանդելու մասին» 29.10.2018 թ. որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն ապամոնտաժված շինության վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել: Քաղաքապետի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.
«Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության (ընդհանուր շուրջ 1100քմ) միայն մի մասն է այսօր քանդվել: Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Քանդվել է երկրորդ հատվածը: Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: Ընդհանուր շինության ապամոնտաժումը հետաձգվում է, որովհետեւ կառույցի սեփականատերը դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը, իսկ դատարանը բավական օպերատիվ կերպով գործը վարույթ է ընդունել: Դատական գործընթացի առկայությունը ստիպում է քաղաքապետարանին՝ սպասել վճռին: Այնուհանդերձ, կառույցը առերեւույթ ապօրինի է՝ շինթույլտվություն չկա, իսկ շինարարությունը կատարվում է քաղաքաշինական մի շարք նորմերի խախտմամբ:
Արձագանքելով մի քանի մեկնաբանությունների, նշեմ նաեւ, որ սա ոչ առաջին, ոչ էլ միակ ապօրինի շինությունն է, որը պետք է ապամոնտաժել: Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին: Նոր Նորքի այս կառույցը, թերեւս առանձնանում է նրանով, որ կառուցապատողը ակնհայտ անհարգալից վարք է դրսեւորում օրինականության նկատմամբ եւ, չանսալով քաղաքապետի պարբերական զգուշացումներին ու հորդորներին, չսպասելով անգամ իր հայցով քննվող դատական գործի հանգուցալուծմանը, գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է ապօրինի շինարարությունը: Այնպես որ, որեւէ խտրական, թիրախավորված մոտեցում չկա՝ ապօրինի կառուցապատման վերաբերյալ մոտեցումը ընդհանուր է՝ ապօրինի շինարարություն Երեւանում ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ: Միեւնույն ժամանակ, քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս հայտարարել է, որ օրինական շինարարություն իրականացնելու ընթացակարգը հնարավորինս պարզեցվում է: Ստացեք շինթույլտվություն, համապատասխանեցրեք նորմերին ու կառուցեք, ոչ մի խնդիր չկա»:
Հիշեցնենք, որ Նոր Նորքում գտնվող «Անի 97» ՍՊԸ-ին պատկանող 1100 քմ է ընդհանուր մակերեսով առերևույթ ապօրինի շինությունը ապամոնտաժվել է այսօր առավոտյան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը