Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 2-ին, այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սամվել Մայրապետյանին, այս մասին Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը:
Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նրա հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները, բուժօգնության և առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը:
Սամվել Մայրապետյանը բարձրաձայնել է մի շարք խնդիրներ՝ կապված, նրա պնդմամբ, կալանքի հիմքերի բացակայության, առողջական վիճակի վատթարացման, գույքի բոլոր տեսակների և հաշիվների վրա առանց հիմքերի արգելանք դնելու հետ: Ըստ Սամվել Մայրապետյանի՝ իրեն կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են, իսկ դատարանների որոշումներն անհիմն են:
Արման Թաթոյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Սամվել Մայրապետյանը, մասնավորապես նշել է, որ առողջական խնդիրների պատճառով ունի հատուկ սննդակարգի, բժշկական մշտական հսկողության ու խնամքի կարիք, ինչը քրեակատարողական հիմնարկի պայմաններում հնարավոր չէ ապահովել: Բացի այդ, լինելով Հ2 հեռուստաընկերության գլխավոր տնօրենը, այս պահին, ամբողջ ունեցվածքի վրա կալանք դնելու պատճառով, չի կարողանում լրացուցիչ ֆինանսավորել հեռուստաընկերությունը, ինչը կարող է հանգեցնել հեռուստաընկերության փակման:
Սամվել Մայրապետյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից:
Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը