«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրականացման աշխատանքային խումբը մեկնարկել է համատիրությունների հետ հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվում են ծրագրի նպատակները, իրագործման ընթացքն ու ակնկալվող արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում ԵՄ կողմից տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով: Նախատեսվում է բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների, բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կազմակերպված հանդիպմանը քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Սարգսյանը համատիրությունների ղեկավարներին մանրամասն ծանոթացրել է ծրագրում ընդգրկվելիք շենքերի ընտրության չափորոշիչներին, ինչպես նաև այդ նպատակով հատուկ մշակված հարցաշարերի լրացման կարգին: Արդյունքները կգնահատվեն համապատասխան հանձնաժողովի կողմից: Մինչ այդ տարբեր մասնագետների կողմից կկազմակերպվեն նաև տեղում այցեր:
Նշենք, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն նաև մյուս վարչական շրջաններում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը