31 08 2018

Աղբահեռացման ուշացումները սպառնում են առողջական խնդիրներով. ԱՆ-ն մտահոգ է

Աղբահեռացման ուշացումները սպառնում են առողջական խնդիրներով. ԱՆ-ն մտահոգ է

ՀՀ առողջապահության նախարարությունը հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնում մայրաքաղաքում աղբահեռացման ուշացումներով, քանի որ հատկապես տարվա տաք եղանակին կուտակված աղբն առողջության համար վտանգավոր մի շարք երևույթների առաջացման և տարածման պատճառ է դառնում` բարձրացնելով բնակչության շրջանում հիվանդացման ռիսկը: Այս մասին ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ։

Շոգ եղանակին զգալիորեն արագանում են աղբի նեխման գործընթացները: Աղբի կուտակման վայրերից քամու միջոցով տարածվում է նեխմամբ պայմանավորված գարշահոտություն, առաջացող ծծմբաջրածինը և ամիակը մթնոլորտում անգամ փոքր կոնցենտրացիայի դեպքում կարող են գրգռիչ ազդեցություն ունենալ շնչառական ուղիների և աչքերի լորձաթաղանթի վրա` ծանրացնելով քրոնիկ թոք-սրտային և ալերգիկ հիվանությունների ընթացքը: 

Աղբի կուտակումները կարող են ինքնաայրվել նույնիսկ ցուրտ եղանակին, ինչը հանգեցնում է քաղցկեղածին ազդեցություն ունեցող նյութերի՝ դիոքսինների և ֆուրանների արտանետմանը մթնոլորտ, իսկ  տարվա շոգ և քամոտ եղանակին ինքնայրումը կարող է վերափոխվել հրդեհի:

Աղբի կուտակման վայրերը նպաստում են տարատեսակ հիվանդությունների հարուցիչների բազմացմանը և դրանց տարածմանը՝ աղտոտելով շրջապատը: Կուտակված աղբը գրավում է  կրծողներին, միջատներին, թռչուններին,  թափառող կամ վայրի կենդանիներին, որոնք  տարբեր վարակիչ հիվանդությունների  կրողներ կամ տարածողներ  են և կարող են այդ հիվանդությունների դեպքերի պատճառ դառնալ: Օրինակ` կրծողները կարող են տուլարեմիայի վարակի աղբյուր կամ տարածող լինել, ճանճերը՝ տարբեր աղիքային վարակների, թափառող կենդանիները՝ լեյշմանիոզի, կատաղության և այլն,  իսկ լեյշմանիոզը փոխանցող մլակները բազմանում են հենց օրգանական աղբի կուտակումներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ