18 07 2018

Ո՞ր երկրներում ինչպես են զինված ուժերն օգտագործում քաղաքացիական կյանքում

Ո՞ր երկրներում ինչպես են զինված ուժերն օգտագործում քաղաքացիական կյանքում

Պետության ներքին անվտանգության ապահովումը բարդ և բազմակողմանի գործընթաց է: Ժամանակակից աշխարհում իրավապահ ուժերի կարողություններն ու հնարավորությունները հաճախ չեն բավականացնում այդ անվտանգությունը հավուր պատշաճի ապահովելու համար: Այդ իսկ պատճառով բազմաթիվ պետություններում նախատեսված է Զինված ուժերի ներգրավումը` համապատասխան խնդիրների լուծման նպատակով: Հիմնականում բանակն օգտագործվում է որպես ամենակազմակերպված և պատշաճ կերպով զինված կառույց` իրավապահ մարմիններին օժանդակություն ցուցաբերելու և պետական ինստիտուտները ապստամբություններից, ահաբեկչություններից ու մասսայական անկարգությունների ժամանակ զավթումից պաշտպանելու համար: Ձեզ ենք ներկայացնում ԱՄՆ-ում, ՌԴ-ում, եվրոպական մի քանի երկրներում և Հայաստանում ԶՈՒ օգտագործման պայմաններն ու դեպքերը:

Ժողովրդավարական երկրներում զինված ուժերը երկրի առօրյա կյանքում կարգապահական գործընթացներին գրեթե չեն մասնակցում, բացառությամբ այն դեպքերի, երբ օպերատիվ իրավիճակը բարդանում է:

Ճգնաժամային իրավիճակներում ամենադեմոկրատական երկրներն անգամ անհապաղ ապավինում են զինված ուժերին՝ երկրում իրավիճակի կարգավորման համար, միայն թե սա արվում է կարգավորվող օրենսդրության շրջանակում, որը բացառում է իշխանության բռնազավթումը զինվորականների կողմից:

Ընդ որում, որոշ երկրներում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն, զինուժի օգտագործումը կարգավորվում է օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով, իսկ մի շարք երկրներում էլ՝ Գերմանիա, Ավստրիա և այլն, սահմանադրությամբ:

Իսկ ինչպե՞ս են տարբեր երկրներ, որոնց հիմնական մասը՝ դեմոկրատիայի ջահակիր, ներքին խնդիրների արդյունավետ լուծման համար օգտագործել զինուժը:

Իշխանությունների ճիշտ ժամանակին արված՝ սահմանադրությամբ նախատեսված միջամտությունը, երբ խոսքը վերաբերում է զինված ուժերի լայն կիրառմանը, արտակարգ, սակայն անհրաժեշտ գործիք է համարվում, որն ապահովում է ողջ պետական մեխանիզմի արդյունավետ գործունեությունը քաղաքական, տնտեսական կամ սոցիալական ճգնաժամի դեպքում երկրի տարածքային ամբողջականության պահպանման կարևորագուն գործում:

Դիտարկենք մի քանի օրինակ տարբեր երկրների փորձից:

ԱՄՆ

«Քաղաքացիական անկարգությունների դեպքում ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի օգտագործման մասին» օրենքով (ԱՄՆ-ի Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հատոր) արգելվում է ռազմական ուժի կամ դրանց պահուստային բաղադրիչների ներգրավումն ակցիաներում՝ երկրի տարածքում կարգապահություն և օրինականություն հաստատելու նպատակով, բացառությամբ Սահմանադրությամբ կամ Կոնգրեսի կողմից սահմանված դեպքերի:

Զորքերը կարող են օգտագործվել, եթե տեղի իշխանություններն ի վիճակի չեն ինքնուրույն կարգավորել ճգնաժամային իրավիճակը և իրենց տարածքում ապահովել օրինականություն կամ անգործություն են ցուցաբերում՝ արհամարհելով օրենքները: Զորքերի կիրառումը, ինչպես նշվում է ԱՄՆ ռազմական արդարադատության համընդհանուր կոդեքսում, իրավաբանորեն արդարացված է որպես միջոցառում, որն անհրաժեշտ է ապստամբությունների (զանգվածային անկարգություններ), երկրի ներսում հանցավոր գործողությունների համար, որոնք ունեն իշխանությունների օրինական մարմինները տապալելու, պետությանը և ԱՄՆ քաղաքացիներին վնաս հասցնելու նպատակ և խախտում են մարդու իրավունքները:

1945թ-ից մինչ այժմ դաշնային իշխանությունները 11 անգամ դիմել են մասշտաբային միջամտության՝ երկրի ներսում օգտագործելով զինուժը:

Դրանցից 5-ը եղել է նահանգապետերի խնդրանքով, 6-ը՝ երկրի նախագահի նախաձեռնությամբ: Ներքին անվտանգության ապահովման, մասսայական անկարգությունները ճնշելու համար ԱՄՆ-ն օգտագործում է անգամ ծովային ուժերը: ԱՄՆ Սահմանադրության 4-րդ գլխի 4-րդ հոդվածով, յուրաքանչյուր նահանգի երաշխավորվում է դաշնային օգնություն ներքին և արտաքին բռնությունից:

ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում 1992թ. անկարգությունների ժամանակ ոստիկանական ուժերը կարգուկանոն հաստատելու համար բավարար չէին, ակտիվորեն ներգրավվեցին ազգային գվարդիայի մոբիլիզացված ուժերը: Երբ պարզվեց, որ նրանք ևս չեն բավականացնում, երկրի նախագահը քաղաքը բռնագրավածներից ազատելու համար ուղարկեց ծովային ուժերի: Արդյունքում մի քանի օր անց քաղաքում վերականգնվեց հասարակական կարգը, որից հետո երկրում նման մասշտաբի անկարգություններ չեն եղել:

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

ԳԴՀ Սահմանադրությունը երկրի ներսում ազգային զինված ուժերի (Բունդեսվեր) օգտագործման երեք դեպք է նախատեսում կառավարության՝ առանց Բունդեսվերի հետ համաձայնեցնելու որոշմամբ:

Ռազմական ստորաբաժանումների ներգրավում հատկապես կարևոր պետական սուբյեկտների պաշտպանության և անվտանգության ուժեղացման համար, որոնք գտնվում են ոստիկանության վերահսկողության տակ՝ դրանք զավթելու սպառնալիքի առաջացման դեպքում (ահաբեկիչների կողմից և այլն): Զինված ուժերի ներգրավումը քաղաքացիական սեկտորին բնական աղետների կամ հատկապես ծանր վթարների և աղետների դեպքում օգնություն ցույց տալու համար: ԳԴՀ դեմոկրտական համակարգում ներքին սպառնալիքի առաջացման դեպքում ընդհանրապես կամ երկրի որոշ հատվածներում զինված ուժերի օգտագործում ոստիկանությանն աջակցելու համար՝ զինված ապստամբների (ահաբեկիչների) կազմավորումն ու աշխատաքները ճնշելու և սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով:

Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը բունդեսվերին, թույլ է տվել բացառիկ դեպքերում մարտական զենք կիրառել երկրի ներսում սպառնալիքները վերացնելու համար: Միաժամանակ, դատարանի որոշման մեջ, որը հրապարակվել է 2012թ. օգոստոսի 17-ին, ընդգծվում է, որ զենքի կիրառումը հնարավոր է միայն գործող նորմերի խիստ պահպանմամբ «աղետալի մասշտաբի արտակարգ իրավիճակների դեպքում»:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ բունդեսվերը զենք կիրառելու իրավունք չունի «ցուցարարների բազմությունից եկող սպառնալիքները» վերացնելու համար: Ամեն դեպքում, զինվորների կողմից մարտական զենքի կիրառումը ԳԴՀ տարածքում հնարավոր է միայն որպես ծայրահեղ միջոց, համապատասխան որոշումը պետք է անհապաղ կայացվի դաշնային կառավարության կողմից, որոշման կայացումը չի կարող փոխանցվել պաշտպանության նախարարությանը:

Որոշումն ընդունվել է Դաշնային սահմանադրական դատարանի լիագումար նիստում՝ երկու սենատների անդամների մասնակցությամբ:

Այսպիսով,Կարլսրուեի դատարանը շտկել է 2006 թվականին առաջին սենատի դատարանների կողմից ընդունված որոշումը, որով սկզբունքորեն բացառվում էր բունդեսվերի կողմից «հատուկ մարտական զենքի» օգտագործումը Գերմանիայի ներսում:

Ֆրանսիա

Ֆրանսիայում 1995 թվականին՝ 10 մարդու մահվան և 200 վիրավորի պատճառ հանդիսացած ահաբեկչական հարձակումներից հետո, գործի դրվեց հատուկ արտակարգ հանգամանքների համար մշակված «Վիժիպիրատ» ծրագիրը, ըստ որի՝ խոշոր քաղաքների բոլոր փողոցների և մետրոյի կայարանների պահպանությունը, ինչպես նաև բնակիչների շրջանում փաստաթղթերի լայնատարած ստուգումներն իրականացվում էին բանակի, ոստիկանության և ժանդարմերիայի համատեղ ջոկատների կողմից: Զինված ուժերի ճյուղերը և ստորաբաժանումները (ի լրումն ոստիկանության և ժանդարմերիայի ուժերին) լայնորեն օգտագործվում էին նաև 1998-ի ամռանը Ֆրանսիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակ:

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում Զինված ուժերը կարող են օգտագործվել պետության տարածքում՝ 1920 և 1964թթ. արտակարգ լիազորությունների մասին օրենքների, ինչպես նաև ընդհանուր «թագավորական արտոնությունների» համաձայն, որոնք հիմնված են որոշ դատական գործընթացների վրա: Դրանցով իշխանությանը պարտավորեցնում է հասարակությունում խաղաղության և հանրային կարգուկանոնի ապահովման քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ ռազմական ուժերի օգնությամբ: 1964-իմ ընդունված արտակարգ լիազորությունների մասին օրենքը թույլ է տալիս զինված ուժերի՝ սեփական հայեցողությամբ օգտագործումը պաշտպանության խորհրդի անդամների կողմից՝ առանց Խորհրդարանի պատժամիջոցների: Սա կարող է լինել նույնիսկ այն դեպքում, երբ երկրում արտակարգ դրություն չի հայտարարվել:

Ռուսաստանի Դաշնություն

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օգտագործումը երկրի ներսում կիրառվել է մի քանի անգամ (1991-ի օգոստոսյան հեղաշրջման, 1993-ի հոկտեմբերին իշխանության ճգնաժամի և Չեչնիայի Հանրապետությունում սահմանադրական կարգը վերակագնելու ժամանակ):

Հարցը դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից օրենսդրորեն չէր կարգավորվում՝ պայմանավորված այն սկզբունքով, որ Ռուսաստանի զինված ուժերը պետք է միայն արտաքին ագրեսիայից պաշտպանեն: Չնայած «Ռազմական դրության մասին», «Արտակարգ դրության մասին», «Ահաբեկչությանը հակազդելու մասին» օրենքների համաձայն (առաջին երկուսը սահմանադրական օրենքներ են)՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հատուկ իրավական ռեժիմների շրջանակում կարող են օգտագործվել պետության տարածքում: Բացի այդ, «Պաշտպանության մասին» դաշնային օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՌԴ նախագահն իրավունք ունի Զինված ուժերը ներգրավել առաջադրանքների կատարմանը՝ դաշնային օրենքների համաձայն զենքը ոչ իրենց նշանակությամբ օգտագործելով:

Հայաստանի Հանրապետություն

2005թ. ընդունված ՀՀ Սահմանադրական փոփոխությունների 55-րդ հոդվածի 14-րդ կետում սահմանվում է, որ ՀՀ նախագահը «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2012-ին:

Նրանում նշված է. «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը  բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել  ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։

Զինված ուժերի ներգրավումը տեղի է ունենում հետևյալ խնդիրների լուծման համար.

  1. Ռեժիմային, հատուկ ռեժիմային և հատուկ պահպանվող օբյեկտների, բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ևւ առողջության, շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.
  2. Անօրինական զինված միավորումների գործունեության դադարեցում.
  3. արտակարգ իրավիճակների կանխում, հնարավոր հետևանքների նվազեցում և վերացում, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորում և նյութական արժեքների պահպանություն»:

Անկախ Հայաստանի պատմության մեջ երեք անգամ է եղել իրավիճակ, երբ երկրի ղեկավարությունը սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ երկրում հասարակական կարգը վերականգնելու համար՝ 1993,1996 և 2008թ. մարտի 1-2-ին:

Սակայն միանշանակ չէ՝ ինչ կարգավիճակով են զինված ուժերը ներգրավվել այդ իրավիճակին: Ըստ տեղեկությունների զինված ուժերը պահպանել են միայն որոշակի պետական շենքեր և օբյեկտներ, իսկ մասնավորապես 2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չեր օգտագործել և այդ օրերին չի արձանագրվել որևէ բախում բանակայինների և ցուցարարների միջև:

Ներկայացնում ենք թեմայի վերաբերյալ նաև ինֆոգրաֆիկա.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ