18 11 2024

Երևանի մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և սերուցքային կարագի մեջ հայտնաբերվել են մանրէներ

Երևանի մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և սերուցքային կարագի մեջ հայտնաբերվել են մանրէներ

Հոկտեմբերի 30-ին վերահսկողության վարչության կողմից «ՀՀ ՍԱՏՄ հանրապետական անասնաբուժական սանիտարական և բուսասնիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիայում փորձարկման է ներկայացվել հավի կրծքամիս, որը մատակարարվում է «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի կողմից: Այս մասին նշել է Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Գևորգյանը:

«05.11.2024թ. լաբորատորիայի ներկայացրած կրծքամսի համար տրված եզրակացության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն, այն է՝ լիստերիա մոնոցիտոգենես տեսակի բակտերիայի առկայություն:

Ձեռնարկվել են անհապաղ միջոցներ՝ ողջ խմբաքանակի օգտագործումը դադարեցնելու և հետ հավաքելու ուղղությամբ: 06.11.2024-ի դրությամբ Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր 3000կգ հավի կրծքամից և 850կգ հավի ազդրամիս: Այս գործընթացին զուգահեռ նոյեմբերի 5-ին մանրէաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի չորս նմուշ: Հիշյալ սննդամթերքը Երևանի բոլոր մանկապարտեզներին մատակարարում է «Դեագա» ՍՊԸ-ն:

Փորձաքննությամբ պարզվել է, որ կա անհամապատասխանություն, մասնավորապես՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ: Երևանի 142 մանկապարտեզներում առկա էր 2270 կգ սերուցքային կարագ: Միջոցներ են ձեռնարկվում ամբողջը հավաքելու նպատակով»,- ասել է Գևորգյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ