ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատողների ամենամյա արձակուրդի, աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները կարգավորող նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է 36-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը կարգավորել ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով։
Հաշվի են առնվելու ուսումնական գործընթացի մասնակիցների անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքի կատարումը, որը չի կարող գերազանցել շաբաթական աշխատաժամանակի տևողության կեսը, ինչպես նաև մասնագետի անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքներին նախապատրաստվելու, ստացված արդյունքների մշակման, վերլուծության, փաստաթղթերի լրացման, որակավորման բարձրացման համար պահանջվող ժամանակը:
Աշխատաժամանակի հաշվարկը կատարվում է՝ ըստ նախադպրոցական կրթական հաստատություններում (խմբերում) սաների մինչև 12 ժամ մնալու իրողության։
5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում էլ աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի կողմից դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 36 ժամվա հաշվարկով։
6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 43 ժամվա հաշվարկով:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների երաժշտության դաստիարակների (երաժշտական ղեկավարների) համար սահմանվում է աշխատանքային տարբերվող ռեժիմ՝ շաբաթական 24 ժամ։
Նշենք, որ ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանված են ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման 5-րդ հավելվածով:
Վերոնշյալ հավելվածում բացակայում են մանկավարժական որոշ աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները, ինչպես նաև ներառված չէ նախադպրոցական ուսումնական հաստատությունների 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դաստիարակների աշխատաժամանակի ռեժիմը: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 201-Ն որոշման 5-րդ հավելվածում՝ ներառելով համապատասխան կարգավորումները։
Նախագիծը e-draft.am հարթակում հրապարակվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։ Շահագրգիռ կառույցները, մասնագետներն ու քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի հունվարի 15-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը