31 08 2020

Արցախի դպրոցները և մանկապարտեզները կվերաբացվեն սեպտեմբերի 14-ից

Արցախի դպրոցները և մանկապարտեզները կվերաբացվեն սեպտեմբերի 14-ից

Արցախի Հանրապետության hանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում ու մանկապարտեզներում կենդանի ուսուցման գործընթացը կվերսկսվի ս.թ. սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցման ձևաչափով: Այս մասսին տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Երաժշտական, արվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում կենդանի ուսուցման գործընթացը կվերսկսվի ս.թ. սեպտեմբերի 1-ից:

Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցման ձևաչափով:

Ստեփանակերտի՝ Թ. Քամալյանի անվան բժշկական քոլեջում կրթական գործընթացը կկազմակերպվի երկհերթ ռեժիմով:

Բուհերում ուսումնական գործընթացը կկազմակերպվի հետևյալ կերպ.1-ին կուրսեցիները կհաճախեն պարապմունքներին ս.թ. սեպտեմբերի 1-ից, 2-րդ,3-րդ,4-րդ կուրսերը՝ սեպտեմբերի 7-ից:

Մագիստրատուրայի կուրսերում կրթական գործընթացի կազմակերպման ձևաչափը թողնվել է բուհերի հայեցողությանը. գործընթացը կարող է կազմակերպվել կենդանի, հեռավար կամ հիբրիդային տարբերակով:

Ուսումնական հաստատությունում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ դասաժամի 40 րոպե տևողությամբ: Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասաժամի տևողության սահմանումը թողնվում է տնօրինության հայեցողությանը։

Ուսումնական գործընթացը կկազմակերպվի պարետատան պահանջներին ու ցուցումներին համապատասխան: Բոլոր կրթական հաստատությունները ապահովված են ջերմաչափներով ու ախտահանիչ միջոցներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ