31 07 2024

ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից»․ Sputnik Արմենիա

ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից»․ Sputnik Արմենիա

Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանը հանձնեցին «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։

Արձանագրությունը ստորագրել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին:

Երևանի «Զվարթնոց» օդային անցակետում հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ղեկավարությունն ու անձնակազմը:

Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը ՌԴ սահմանապահների հրաժեշտի արարողության ժամանակ հիշեցրել է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ-անցակետում գրեթե 60 տարի հերթապահություն են իրականացրել սկզբում խորհրդային, ապա ռուս և հայ սահմանապահները:

«Ձեր՝ ոչ միշտ նկատելի, բայց շատ անհրաժեշտ աշխատանքը զգալի ներդրում է ունեցել և ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության ապահովման գործում։ Վստահաբար կարելի է ասել, որ սահմանը, ձեր շնորհիվ, կողպված է»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ