Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցներն արգելել են Վրաստան մտնել ծնունդով Ախալքալաքից, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանին։ Վերջինս 168.am–ի հետ զրույցում ներկայացրել է դեպքի մանրամասները։
«Կարզախ գյուղի մոտ Թուրքիայից Վրաստանի Հանրապետություն մտնելիս թույլ չտվեցին՝ասելով, որ՝ նպատակահարմար չենք գտնում։ Երկու ժամ պահելուց հետո մեր Արտգործնախարարության և Վրաստանում մեր դեսպանության միջոցով հնարավոր եղավ, որ թույլ տան Վրաստանի տարածքով անցնեմ ու գամ Բավրայի անցակետ և էնտեղից վերադառնամ Հայաստան»,- ասելէ Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ նման դեպք չէր եղել մինչ այժմ, ու պատճառներն էլ հայտնի չեն իրեն, միայն կարող է ենթադրել.
«Ես ենթադրում եմ, որ թյուրիմացության հետևանք է, որովհետև ես փետրվարի 4-ից հաճախակի այցելել եմ։ Այդ մասին քանիցս ասացի, որ փետրվարի 4-ին եղբորս մոտ անբուժելի հիվանդություն հայտնաբերեցին, որից հետո ստիպված եղա ամեն շաբաթ- կիրակի այցելել նրան։ Մարտի 30-ին նա մահացավ, նրա վախճանից հետո՝ թաղում, քառասունք, Զատիկ, հետո իր ծնունդն էր մայիսի 24-ին, և ստացվեց այնպես, որ ես հաճախակի այցելեցի և, ըստ երևույթին, դա անհանգստություն առաջացրեց վրացական համապատասխան մարմինների կողմից, և ենթադրեցին, որ գուցեև արդեն վտանգավոր եմ իրենց համար, ինչն անհասկանալի է ինձ համար, որովհետև ես ընդգծված հայ-վրացական բարեկամության կողմնակից եմ եղել և վերջին շրջանում կազմակերպել եմ հայ-վրացական գիտաժողովներ մեր կոլեգաների՝ Վրաստանի պատմության ինստիտուտի հետ։ Հիմա էլ պատրաստում ենք Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների 100-ամյակին նվիրված միջոցառում։
Հորաքրոջ տղաներ ունեմ վրացի՝ հորաքույրս վրացու հետ էր ամուսնացած, միշտ Վրաստանի հետ ջերմ կապեր եմ ունեցել, ուղղակի չհասկացա՝ ինչն էր պատճառը, և անհասկանալի է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը