19 07 2024

Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է. Microsoft

Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է. Microsoft

Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է, հայտնել է Microsoft ընկերությունը:

«Մնացորդային ազդեցությունը դեռևս նկատվում է Microsoft 365-ի որոշ ծառայություններում և հավելվածներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այս մասին գրում է The Guardian-ը:

Խափանումների պատճառով ընկերության բաժնետոմսերի անկում է գրանցվել։

Հիշեցնենք, որ բոլոր Windows համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike ծրագիրը, չեն աշխատում։ Երևում են միայն կապույտ էկրաններ: Սարքերը և սերվերները, որոնց վրա այն տեղադրված է, «անջատվում են ցանցից և անցնում անվերջ վերագործարկման փուլ»:

Ամերիկյան CrowdStrike ընկերությունը հաստատել էր, որ գլոբալ խափանումը տեղի է ունեցել իր Falcon Sensor կիբեռանվտանգության հավելվածի թարմացման պատճառով։

CrowdStrike-ի գործադիր տնօրեն Ջորջ Կուրցը հայտարարել է, որ միջադեպը կապված չէ կիբերհարձակման հետ:

Հուլիսի 19-ին ավիաընկերությունները, բանկերը և այլ ծառայություններ ամբողջ աշխարհում սկսել են հայտնել Windows սարքերի խափանման պատճառով գործառնական խնդիրների մասին: Օդանավակայաններում թռիչքները դադարեցվել են, իսկ ուղևորներին նախազգուշացվել է ստուգման ժամանակ առաջացած խնդիրների մասին: BBC-ի փոխանցմամբ՝ անսարքության պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։ Խափանումը ազդել է նաև բանկերի, հիվանդանոցների և փոստային ծառայությունների աշխատանքի վրա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ