Team Telecom Armenia-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում:
Ավելի ուշ Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը գրել է. «Team Telecom Armenia-ի ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակումը նույնպես սահմանազատման հետեւանքով է»:
Այնուհետև մեկնաբանությունների դաշտում հավելել է. «Մալուխներն անցնում էին այն ճանապարհի մոտով, որը շուտով կանցնի Ադրբեջանին»:
Հիշեցնենք. Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն այսօրվանից դադարել է շահագործվել ՀՀ-ի կողմից, իսկ այլընտրանքային ճանապարհին դեռևս շինաշխատանքներ են ընթանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը