ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը պատասխան է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի՝ «1 օրում 2 դրամաշնորհ՝ «ֆեյքերի» ՊՈԱԿ-ին» վերնագրով նյութի հետ կապված․
«Հայտնում ենք, որ Կենտրոնում աշխատող որևէ աշխատակից երբևէ չի ստացել և չի իրականացրել կեղծ օգտահաշիվներ ունենալու, դրանցով գործողություններ իրականացնելու հանձնարարություններ ու երբևէ չի զբաղվել վերոնշյալ արատավոր գործունեությամբ։ Նշված նյութում նկարագրված գործելաոճն անընդունելի և դատապարտելի է կառույցի տնօրինության և աշխատակիցների համար։ Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ ու աշխատանքներ, որոնք թափանցիկ և տեսանելի են ՀՀ քաղաքացիների ու լրատվամիջոցների համար։ Դրանց կարելի է ծանոթանալ iprc.am, orbeli.am, irazekum.am կայքերում։
Կենտրոնի ֆինանսական գործունեությունը նույնպես թափանցիկ է, ֆինանսավորումն իրականացվում է պետբյուջեի համապատասխան միջոցառումների համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ կնքվող դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա, որոնց համապատասխան ներկայացվում են անհրաժեշտ բոլոր հաշվետվությունները, իսկ գնումների գործառնությունները ևս օրենքի պահանջներին համապատասխան ամբողջությամբ հրապարակվում են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը