07 04 2020

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» բյուջեն 733 մլն դրամ է․ Tert.am

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» բյուջեն 733 մլն դրամ է․ Tert.am

Tert.am-ը գրում է․ ««Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 733 մլն դրամ, տնօրենն ունի տասը խորհրդական, որոնց անունները չեն հայտնում, իսկ մոտ մեկուկես տարում աշխատանքից ազատվել է 69 աշխատակից:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Հարցին, թե ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում ինչո՞ւ չկան տեղեկություններ և կենսագրական տվյալներ ՊՈԱԿ-ի աշխատակազմի մասին, Մովսիսյանը հայտնել է, որ դա անձնական բնույթի տեղեկատվություն է և տրամադրվում է միայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ այն դեպքում, եթե այդ տեղեկատվության օգտագործման վերաբերյալ տրամադրվում է «բավարար պաշտպանության մակարդակ», այդ պատճառով էլ բացակայում է:

Ինչ վերաբերում է տնօրենի կենսագրական տվյալներին և փոխտնօրենների մասին տեղեկատվությանը, ապա այն հասանելի կլինի կայքի նոր տարբերակում, որն այս պահին պատրաստման փուլում է։

Թե ովքեր են համակարգում վերլուծական և ստեղծագործական ուղղությունները, Հովհաննես Մովսիսյանը պատասխանել է, որ դրանք համակարգում են փոխտնօրեններ Նարեկ Ադամյանը և Անի Բաղդասարյանը։

Թե ինչ նպատակով են տարբեր գերատեսչությունների մամուլի խոսնակներ հրավիրվում նիստի, ՊՈԱԿ-ից պատասխանել են. «Գերատեսչությունների մամուլի խոսնակների հետ, ըստ անհրաժեշտության, տեղի են ունենում հանդիպումներ՝ աշխատանքը համադրելու նպատակով»։ Թե որ աշխատանքն է համադրվում և դա ինչ է ենթադրում, ՊՈԱԿ-ի պատասխանում չի մեկնաբանվում:

Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են տեղեկություններն առ այն, որ ՊՈԱԿ-ը յուրաքանչյուր ամիս պետական կառույցների, մասնավորապես իրավապահ մարմինների աշխատակիցների ու պաշտոնյաների հեռախոսազանգերի ցուցակ է վերցնում բջջային օպերատորներից և  ներկայացնում Կառավարության ղեկավար կազմին կամ վարչապետին, ՊՈԱԿ-ից հերքել են.  «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը բջջային օպերատորներից որևէ ցանկ չի ստացել և  չի ստանում»։

Թե ինչ թափուր հաստիքներ ունեն ՊՈԱԿ-ում, գրավոր պատասխանում ասվում է. «Այս պահին (մարտի 18,-խմբ) թափուր են հետևյալ հաստիքները՝ ավագ խորհրդական (2), ավագ մասնագետ

(4), մասնագետ (2), սոց. ցանցերի էջերի պատասխանատու (1), լուսանկարիչ (1), լրագրող –

սցենարիստ (1), լրագրող – մեկնաբան (1), փորձագետ (2), բաժնի ղեկավար (1), կայքէջի

գլխավոր խմբագիր – սրբագրիչ (1), կայքէջի գլխավոր խմբագրի օգնական (1), կայքէջի

խմբագիր - վեբմաստեր (1), թարգմանիչ (3)»:

Հարցին, թե 131 մլն դրամ պարգևավճարից ՊՈԱԿ-ի 145 աշխատակցից քանի՞սն են պարգևատրվել, ՊՈԱԿ-ից պատասխանել են, որ պարգևատրվել են «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի բոլոր աշխատակիցները։

Թե 2019-ին քանի՞ անգամ ու որքա՞ն գումարով է պարգևատրվել Հովհաննես Մովսիսյանը, վերջինս պատասխանել է. «2019 թվականի ընթացքում պարգևատրվել եմ երեք անգամ, որից մեկը տասներեքերորդ աշխատավարձի տեսքով։ Պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 524 հզր դրամ»։

Իր պաշտոնավարումից՝ 2018-ի հունիսից հետո, թե քանի՞ աշխատակից է ազատվել աշխատանքից, Հովհաննես Մովսիսյանը պատասխանել է՝  69 աշխատակից. «Աշխատակիցները ազատվել են սեփական դիմումի կամ կառուցվածքային փոփոխությունների հիման վրա»։

Թե ովքեր են տնօրենի տասը խորհրդականները և երկու տեղակալները, Հովհաննես Մովսիսյանը, կրկին հղում անելով օրենքին, չի պատասխանել. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կենսագրական տվյալները անձնական բնույթի տեղեկատվություն են և տրամադրվում են միայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ այն դեպքում, եթե այդ տեղեկատվության օգտագործման վերաբերյալ տրամադրվում է «բավարար պաշտպանության մակարդակ»։

Թե քանի՞ լրատվամիջոցի հետ է համագործակցում ՊՈԱԿ-ը՝ օրենքով սահմանված կարգով, Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ չի համագործակցում որևէ լրատվամիջոցի հետ:

Հարցին , թե որքան է կազմում ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն, Հովհաննես Մովսիսյանը հայտնել է. «ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 733 մլն դրամ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ