22 03 2024

Ֆեյսբուքից դուրս Տավուշում լրիվ այլ տրամադրություններ են․ Քրիստինե Վարդանյան

Ֆեյսբուքից դուրս Տավուշում լրիվ այլ տրամադրություններ են․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ֆեյսբուքից դուրս լրիվ այլ տրամադրություններ են:

Վերջին 2 շաբաթվա ընթացքում 3 անգամ եղել եմ Տավուշի մարզում, այցելել գյուղեր, շփվել մարդկանց հետ:

Քաղաքացին, ով 2 շաբաթ առաջ փորձում էր խոչընդոտել մեզ Տավուշից տարածքների զիջման մասին տեղեկատվական նյութեր պատրաստելու ընթացքում` պնդելով, որ նման բան չկա, երեկ ներողություն էր խնդրում և հետաքրքրվում ինչպես կարող ենք միասին կանխել հերթական զիջումը:

3 այցերից ամեն մեկի ընթացքում ես տեսել եմ տարբեր տավուշներ: Երեկվա Տավուշը անհանգիստ էր, փնտրում էր անորոշությունների պատասխաններ, բայց նաև ակնհայտ էր հաստատակամությունը ՔՊ-ի առաջարկած օրակարգի մերժման վերաբերյալ:

Ինչպես բոլոր տեղերում, Տավուշում էլ, մարդիկ խաղաղություն էին ուզում, բայց նաև հստակ հասկանում էին, որ զորքերի ետ քաշումը բնագծերով ձգվող կահավորված առաջնագծից ոչ թե կանխելու է պատերազմը, այլ այն ավելի է մոտեցնելու ու մեզ համար ավելի դժվար է դառնալու պաշտպանվելը:

Փոխվել է նաև մեկ այլ բան. մարդիկ հստակ տեսնում են ստեղծված իրավիճակի մեղավորներին և պատասխանատուներին: Այլևս չեն խոսում Ռուսաստանի, Արևմուտքի, ընդդիմության մեղավորության կեղծ թեզերից, այլ հստակ ասում են, որ գործող իշխանություններն են ստեղծել այս վիճակը, որի հանդեպ կորցրել են վստահությունը:

Մարդիկ նաև կարիք ունեն իրենց մենակ չզգալու և տեսնելու, որ մնացածը ևս հասկանում են խնդրի լրջությունը:

Ուստի շատ լավ միտք կարող է լինել այս օրերին Տավուշ այցելելը, մարդկանց հետ խոսելը:

Ես վստահ եմ, որ հանրային արձագանքն է այս հարցում լինելու որոշիչը:

Եթե ցանկանում եք տեղում ունենալ կոնտակտային անձ, ով այցելության դեպքում ձեզ կօգնի անհրաժեշտ տեղեկատվությամբ կամ ցանկացած այլ հարցով, կարող եք կապ հաստատել Garnik Danielyan / Գառնիկ Դանիելյան-ի հետ, ով տեղում է, շրջում է գյուղեր, և պատրաստ է տարբեր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրավիճակն ու մանրամասներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ