04 02 2024

Մատուցեք ձեր ծառայությունը հայ եկեղեցուն այս օրերին, երբ փորձություններ ու դժվարություններ կան մեր շուրջբոլորը. Գարեգին Բ

Մատուցեք ձեր ծառայությունը հայ եկեղեցուն այս օրերին, երբ փորձություններ ու դժվարություններ կան մեր շուրջբոլորը. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող տասնմեկ սարկավագներ:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում Օշական Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանանների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց նոր հոգևոր անուններ:

Արտակ սարկավագ Ղևոնդյանը վերակոչվեց Տ․ Կոմիտաս քահանա, Դավիթ սարկավագ Հայրապետյանը՝ Տ․ Վարդան քահանա, Դավիթ սարկավագ Հայրապետյանը՝ Տ․ Ղևոնդ քահանա, Գևորգ սարկավագ Միրզոյանը՝ Տ․ Արտակ քահանա, Լորիս սարկավագ Անդրեասյանը՝ Տ․ Վազգեն քահանա, Նարեկ սարկավագ Թորգոմյանը՝ Տ․ Հովհաննես քահանա, Անդրանիկ սարկավագ Մինասյանը՝ Տ․ Գրիգոր քահանա, Սամվել սարկավագ Բաղդասարյանը՝ Տ․ Սեպուհ քահանա, Սևակ սարկավագ Գրիգորյանը՝ Տ․ Եսայի քահանա, Ռոբերտ սարկավագ Ոսկանյանը՝ Տ․ Ոսկան քահանա և Գարիկ սարկավագ Հոխանյանը՝ Տ․ Ղուկաս քահանա։

Ձեռնադրության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին հավատացյալներին:

Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության կարևորությանը, մաղթեց նորընծաներին, որ իրենք իրենց կարգի մեջ լինեն հավատարիմ և ծառայասեր հոգևորականներ։

«Սիրելի նորընծաներ, ձեր առաքելությունը շուտով պետք է սկսվի․ եղեք քաջ հովիվներ, մատուցեք ձեր ծառայությունը Հայ Եկեղեցուն և ժողովրդին, մանավանդ այս օրերին, երբ տարբեր տեսակի փորձություններ ու դժվարություններ կան մեր շուրջբոլորը։ Եղեք արթուն, և զորավոր, ծառայեք մեր ժողովրդին․ մեր ժողովուրդը ավելի քան երբեք կարոտն ունի ձեր խոսքի, ձեր աղոթքի և ձեր մխիթարության։ ․․․Քրիստոսի խոսքը ձեզ համար թող լինի ձեր վահանը, ձեր սուրը և ձեր խաչը, որպեսզի կարողանաք ամբողջանվեր ծառայել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,-  ասաց Օշական Սրբազանը՝ հորդորելով հավատացյալներին աղոթք բարձրացնել առ Աստված նաև նորընծա քահանաների համար, որպեսզի նրանք իրենց կարգի մեջ մնան ամուր ու հաստատ։

Սրբազան Հայրը նաև իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը քահանայական ձեռնադրություն կատարելու հնարավորության ընձեռման համար։

Ապա Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը, Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ, բարձրացան Սուրբ Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրեցին վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալով անդրանիկ «Ողջույն»-ը:

Նույն օրը՝ երեկոյան, Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն: Տ․ Հովհաննես, Տ․ Գրիգոր, Տ․ Եսայի, Տ․ Ոսկան և Տ․ Ղուկաս քահանաները վեղար կստանան ու կհամալրեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:

Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ