Sputnik Արմենիան գրում է․ Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել 2023 թ-ին Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Տեղեկացնում ենք, որ 2023 թ-ին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը կազմել է 90.018. 71 եվրո»,– ասված է պատասխան գրության մեջ:
Հիշեցնենք, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը 2021 թ. հոկտեմբերի 6–ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը` Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթեր իրականացնելու համար։ Այս ուղղությամբ թռչում էր նաև ընկերության դուստր ընկերությունը՝ Buta Airways–ը։
2023 թ. հոկտեմբերին նրանք միավորվեցին։
Չնայած Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, ապա տեղի բնակչության բռնի տեղահանմանը, Հայաստանն իր օդային տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար չի փակել։
2022 թ. Ադրբեջանի ազգային ավիափոխադրող ԱԶԱԼ–ը նույն երթուղով թռիչքների համար Հայաստանին վճարել էր մոտ 112 հազար եվրո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը