Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը պետք է զգոն լինեն ՆԱՏՕ-ի դավադրությունների և հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Tasnim գործակալության կայքում հրապարակված հոդվածում իրանցի պաշտոնյան նշում է, որ Իրանը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի ստեղծմանը
«Դրան դեմ արտահայտվողներն ասում են, որ եթե Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև կապերի հեշտացում է լինելու, ապա հարևանների կողմից հայկական տարածքի զգալի հատվածի օկուպացման կարիք չկա։ Այս բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի փոխանցումը, էլեկտրաէներգիայի հոսքը, տարանցիկ երթուղին և այլն, կարելի է հեշտությամբ հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, և դա ընդունված բան է երկրների պարագայում։
Շատ դիտորդներ զարմացած էին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններն այդքան պնդում առնչություն ունեցող կողմերի միջև լարվածության աճի հնարավորության վրա: Աստիճանաբար իրողությունները հայտնի դարձան, և փորձագետները հանգեցին այն եզրակացության, որ Նախիջևանն Ադրբեջանին միացնող այս ընդարձակ կապերի հիմքում ընկած է այն, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի, և երկրորդը` բաժանեն Իրանն ու Հայաստանը՝ կտրելով կապը, որը սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից: Երրորդ՝ դա կսահմանափակի Իրանի կապը դրսի հետ, և այդ դեպքում մենք 15-ի փոխարեն հարևան կլինենք 14 երկրի հետ. կխափանվի Իրանի Իսլամական Հանրապետության ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ։
Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի, իսկ ամենամտահոգիչը կլինի սահմանին (տարածաշրջանում) օտար երկրների առկայությունը»:
Վելայաթին հավելել է. «Ցավոք, ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներն ու բարդությունները պատճառ դարձան, որ կովկասյան տարածաշրջանը որոշ չափով անտեսվի, և երեք գումարած երեք բանաձևը, որն ընդունվել է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից, անտeսվի: Եվ հիմա Հարավային Կովկասը կդառնա Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի միջամտության և անօրինական ներկայության վայրը, և եթե այս միտումը շարունակվի, ապա Կովկասի իրավիճակը կսպառնա ողջ տարածաշրջանի անվտանգությանը»:
Նա նշել է. «Մեր ռուս ընկերները պետք է հասկանան, որ Կովկասի խնդիրների ամենաչնչին անտեսման դեպքում այն կդառնա հարձակման և մրցակցության վայր տարբեր երկրների համար, որոնք կոտնահարեն Ռուսաստանի և Իրանի շահերը: Այդ իրավիճակում, ամերիկացիներն ու նրանց գործակալները, ովքեր չկարողացան լուրջ աշխատանք կատարել Ուկրաինայում, կսրեն իրավիճակը տարածաշրջանում, այսինքն՝ Հարավային Կովկասում, և կապակայունացնեն ողջ տարածաշրջանը։
Այս տարածաշրջանում խնդիրների և բարդ հարցերի ցանկացած անտեսում և չափից ավելի պարզեցում կստիպի նրանց չսահմանափակվել (իրենց մտադրությունները) միայն Հարավային Կովկասի տարածաշրջանով, այլև տարածել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի և, ամենակարևորը, Կասպից ծովի և դրա շուրջ գտնվող երկրների վրա, և դա պետք է լինի Իրանի և Ռուսաստանի կարմիր գիծը», - գրել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ Կասպից ծովը պատկանում է միայն ափամերձ երկրներին, և որևէ մեկին թույլ չի տրվի ներկայություն հաստատել այս շատ կարևոր ծովում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը