19 12 2023

Փոփոխությունը կհակասի սահմանադրական այն կարգավորմանը, որ կուսակցություններն անկախ են. Արծվիկ Մինասյան



ԱԺ-ում այսօր քննարկվեց ՔՊ-ական պատգամավորներ Արփինե Դավոյանի և Տրդատ Սարգսյանի հեղինակած օրենքների փաթեթով առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ կատարելուն։ Առաջարկվող փոփոխությամբ ՝ կուսակցությունների և նախընտրական դաշինքների ֆինանսական գործողությունների  վերահսկման լիազորությունների տարանջատում է մտցվում: Այսինքն՝  նախընտրական փուլում կուսակցությունների ֆինանսական միջոցները պետք է ստուգի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 Նախագծի վերաբերյալ  դիտարկումներ արեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝  նշելով.

« Նախընտրական շրջանում կուսակցությունների և  դաշինքների ծախսերի նկատմամբ վերահսկողությունը միմյանցից էականորեն չեն կարող տարբերվել, քանի որ ֆինանսավորման աղբյուրներն երկու դեպքում էլ պետք է լինեն օրինական, տրամաբանական և հնարավորություն ստեղծվի պատշաճ վերահսկողություն իրականացնել.  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նախագծով տարանջատումն  միանշանակ չէ, քանի որ այս երկուսը պետք է միմյանց հետ օրգանական կապի մեջ լինեն… Այսօր այս տարանջատումը, որ դրված է նախագծում և ընթացքում էլ է փոփոխության ենթարկվելու, էականորեն խաթարելու է  կուսակցությունների ֆինանսավորման և դրանց նկատմամբ  սահմանադրական վերահսկողության արդյունավետ մեխանիկզմը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ ընտրություններին ընդհանուր ֆինանսավորումից օգտվում են նաև այն կուսակցությունները, որոնք  հաղթահարել են 2 %-ի շեմը։

«Այսօրվա կարգավորումներով անհասկանալի է, թե այդ կուսակցություննը, կամ դաշինքները, եթե լինեին, ապա ինչպես պետք է նախագծով առաջարկվող նպատակային ֆինանսավորման չափորոշիչներին բավարարին կամ արդյոք այդ չափորոշիչները վերաբերում է նաև իրենց, թե ոչ»,-ասաց  Արծվիկ Մինասյանը։

Նա ընդգծեց, որ նախագծով բերված հասկացություններն օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերով սահմանված չեն։

«Այսօր այն ենթաօրենսդրական ակտով, որ ընդունված է կուսակցությունների ֆինանսավորման առումով , ստացվում է մի իրավիկճակ, երբ կուսակցությունները պետք է ներկայացնեն հաշվետվություն, ըստ էության,  կուսակցության անդամների վերաբերյալ»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ այն կհակասի սահմանադրական այն կարգավորմանը, որ կուսակցություններն անկախ են, ինքնուրույն և չեն գտնվում վերահսկողության տակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ