«Ասում են. «գնեք միայն սպանդանոցային ծագման միս»: Լավ են անում, բայց հետո պարզվում է, որ երկրին պետք է, պայմանական, 100 կգ միս, իսկ սպանդանոցները կարողանում են ապահովել օրական առավելագույնը, էլի պայմանական, 70 կգ»,-ՍԱՏՄ պարտադրանքի մասին գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկան Պիպոյանը։
Շարունակելով թեման՝ նա ընդգծել է.
«Դա էլ հերիք չի, մի բան էլ պարզվում է, որ սպանդանոցների մի մասն էլ կասեցման ենթակա է: Մեկդ ասեք. «տո այ, «սիրելիներ», նոր փոփոխություններ անելուց առաջ, բարդ է՞ր, մի հատ ստուգել, տեսնել, որն է փակելու ենթակա, որը ոչ: Բարդ է՞ր հասկանալ, որքան է իրական պահանջարկը, որի առաջարկը պետք է լինի ու այդ պահանջարկի բացը, որը սպանդանոցները չեն հասցնելու սպասարկել՝ լրացուցիչ ինչ գործիքներով է փակվելու: Ի՞նչ գործիքակազմ է հարկավոր, որ համ սպանդանոցները անգործությունից չփակվեն, համ մարդիկ ուտելու միս կարողանան գնել»:
Մեկդ հարցրեք, էլի, թե չէ, որ ես եմ հարցնում, մտածում են քրֆում եմ: Ես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրել, որ միշտ չի, որ քրֆում եմ, մեկ-մեկ հարց էլ եմ տալիս»։
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ն այսօր հայտարարեց՝ Լոռիում կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունը։ «Արարատ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Գյուլագարակ)։
Տեսչական մարմինը դեկտեմբերի 15-ից սկսել է վերահսկողություն սպանդանոցային ծագման մսի նկատմամբ իրացման ցանցում, հանրային սննդի կետերում և արտադրություններում։
Միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը