22 11 2023

Այդ մարդիկ նույն սխրանքներն են գործել նույն Արցախի, Հայաստանի համար. տարբերակում դնելն անթույլատրելի է. Աղվան Վարդանյան



 ԱԺ արտահերթ նիստում 87 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը Արցախի Հանրապետությունից  բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:

Քվեարկությունից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք կողմ քվեարկեցինք փաթեթին, ինչպես երեկ էինք կողմ քվեարկել արդեն նախորդ փաթեթին։  Այս ընթացքում փաթեթի մեջ ներառվել է, մեր կարծիքով, ապօրինաբար մտցված նախագիծ, որը պրոբլեմատիկ է։ Պրոբլեմատիկ է այն առումով, որ զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխությունները, փաստորեն, չեն վերաբերելու Արցախում ստացած «Ազգային հերոսի», «Մարտական խաչի» կոչում ունեցողներին։

Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ մարդիկ նույն մարդիկ ենք, ովքեր սխրանքներ են գործել նույն հայրենիքի համար՝ Արցախի, Հայաստանի համար, տարբերակում դնելը, եթե սա քաղաքական նպատակներ չունի, վախի դրսևորում չէ, անթույլատրելի է»։

Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ խնդրի վերաբերյալ նախարարի հետ  կարճ քննարկել են.  

 « Կարծես թե պատրաստակամություն կա քննարկել հարցը և  փորձել լուծումներ գտնել։ Մենք պատրաստակամ ենք այս ուղղությամբ աշխատել այս կառավարության հետ,  որպեսզի այս մարդկանց խնդիրը լուծվի։  Հետագայում կտեսնենք, թե որքան է պատրաստակամ այս կառավարությունը»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ