Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9,7 հազարի, տուժել է ավելի քան 24,8 հազար մարդ, հայտարարել է Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրան, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Զոհերի թիվը հասել է 9770-ի, այդ թվում՝ 4800 երեխա, 2550 կին և 596 տարեց։ Այս ամսվա ընթացքում 24 808 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»,- ասել է Ալ-Քիդրան ճեպազրույցի ընթացքում։
Հիշեցնենք, որ Իսրայելը հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբներով հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ»գործողության շրջանակներում: Դրանից հետո կազմակերպության զինյալները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Բացի այդ, նրանք ավելի քան 200 պատանդ են վերցրել:
Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1,4 հազար մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, տուժել է ավելի քան 5 հազարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը