«Պետք է հասկանալ, որ Apple-ը որպես կենտրոնացված ընկերություն՝ որոշակի դիագնոստիկ տվյալներ է ստանում իր հեռախոսներից, որոնք բոլորն ինքն է արտադրում եւ տիրապետում է օպերացիոն համակարգի: Ի հակադրություն դրան՝ google-ը, որն անդրոիդ օպերացիոն համակարգի ստեղծողն է և դա տարածում է բաց կոդով, այդ կարգի վերահսկողություն չունի: Apple-ը կարողանում է իմանալ, երբ հարձակման փորձեր են լինում, իսկ google-ը՝ ոչ: Հեևաբար՝ google անդրոիդ հեռախոս օգտագործողները երբեք չեն էլ իմանում, որ իրենց դեմ հարձակումներ են եղել: Եթե դուք ծանուցում չեք ստացել, քանի որ անդրոիդ օգտագործող եք, դա դեռ ոչ մի բան չի նշանակում: Ճիշտ հակառակը, դա կարող է նշանակել, որ ձեր հեռախոսը վարակված է, այնտեղից տվյալներ են տանում, բայց դուք այդ մասին երբեք չեք էլ իմանում»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանը:
«Երբ մենք իրականացնում ենք հետազոտություններ, տեսնում ենք, որ սովորաբար, եթե շատ կարևոր թիրախ է՝ մարդ է, ով շատ արժեքավոր ինֆորմացիայի է տիրապետում, իրեն վարակում են մի քանի անգամ: Ինչո՞ւ, որովհետեւ iphone հեռախոսները, երբ դրանք վերբեռնում ես, ժողովրդական լեզվով ասած՝ ռեստարտ ես անում, այդ ժամանակ վիրուսը, որը գործում է միայն օպերացիոն, այսինքն՝ ակտիվ հիշողության մեջ, վերանում է: Եթե այդ մարդը կարևոր թիրախ է, ստիպված են լինում նրան վերավարակել: Մենք դրա համար արձանագրում ենք մի քանի վարակում՝ կարևոր թիրախների մոտ: Սա լավ նորություն է այն մարդկանց համար, ովքեր ուզում են ազատվել դրանից, բայց չգիտեն՝ ինչ անել: Ուղղակի պետք է վերագործարկեք հեռախոսը: Եվ վատ նորություն է այն մարդկանց համար, ովքեր իսկապես արժեքավոր տեղեկատվության են տիրապետում, կարող եք վստահ լինել, որ նորից են փորձելու վարակել: Որպեսզի կանխվեն հետագա վարակումները, Apple-ը նաև մեր նման խմբերի միջոցով, երբ իրականացվում են հետազոտություններ, իսկ մենք մեր գործընկերների՝ Amnesty Tech-ի, Citizen Lab-ի հետ ենք աշխատում, ինչ-որ տվյալներ իրենց ենք փոխանցում, իրենք արձանագրում են, թե այստեղ կոնկրետ ինչ հարձակման վեկտորներ են գրանցվել, փոխանցում են Apple-ին, Apple-ը թողարկում է անվտանգության թարմացում: Այդ թարմացումները դնելը շատ կարևոր է, որպեսզի խուսափեք կրկնավարակից: Բացի դրանից Apple-ը հատուկ ստեղծել է այսպես կոչված՝ Lockdown Mode, որը պետք է ակտիվացնել: Այն կանխում է հեռախոսից արտահոսքը ինչ-որ դեպքերում, նաև բավական լուրջ քայլեր է ձեռնարկում վերավարակումը դադարեցնելու ուղղությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը