20 06 2024

Այստեղ շատ վտանգավոր հարցեր կան. Արթուր Պապյան



Ես բավական մանրամասն ուսումնասիրել եմ մասնավոր տարածքներում տեսախցիկներ պարտադրելու նխագծի հիմնավորումները եւ այստեղ շատ վտանգավոր հարցեր կան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծին, ասաց Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Արթուր Պապյանը:

«Այստեղ  հղում կա Smart Sity հասկացությանը: ՀՀ-ում արդեն 2017-ից փորձեր են արվում դրանց ներդրման շուրջ, արդեն որոշակի պայմանավորվածություններ կան չինական արտադրողների հետ: Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ Հայաստանը չի արտադրում տեսախցիկներ, ցանցային սարքավորումներ, չի արտադրում սեփական արհեստական բանականության լուծումներ: Այսինքն մենք հույս ենք դնելու օտարերկրյա արտադրության սարքերի ու տեխնիկայի վրա: Քանի որ մենք փոքր շուկա ենք, չեմ կարծում, թե հնարավորություն է լինելու վերահսկել այդ ամբողջ մատակարարման ցանցը: Թե մինչեւ Հայաստան հասնելը այդ սարքերի մեջ ինչ կդրվի, մենք չենք իմանալու եւ չունենք դա վերահսկելու տեխնիկական հնարավորություններ: Վերջում ունենալու ենք ցանց, որին չենք տիրապետում: Հետեւաբար, հասկանալի չէ, թե բացի մեր ՆԳՆ-ից, էլ ով դրանց հասանելիություն կստանա»,- նշեց նա:

Պապյանի խոսքով, ցանկացած օտարերկրյա լրտեսական ցանցի համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի այդ ցանցը կոտրելը. «Այսինքն կոտրում ես մի փոքրի խանութի հնացած տեսախցիկը եւ դրա միջոցով փորձում ես հայտնվել ցանցում: Սա պաշտպանության իմաստով շատ լուրջ խնդիր է: Կամ էլ պետք է պարտադրեն բոլոր փոքր սննդի կետերին ու օբյեկտներին հսկայական ծախսեր կատարել, ամեն տարի անվտանգության աուդիտ անցկացնեն: Սա լուրջ ծախս է փոքր տնտեսվարողի համար»,- ասաց Պապյանը:

Նշենք, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանական փաթեթ, որով առաջարկվում է 50 քմ-ից մեծ սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առեւտրի վայրերի, բենզա-գազալցակայանների մուտքի ու մյուս կողմերին տեղադրել տեսախցիկներ եւ դա պարտադիր դարձնել  օրենքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ