18 10 2023

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Աշոտ Մելքոնյանը

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Աշոտ Մելքոնյանը

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Աղասու Մելքոնյանը։

Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1961 թվականին՝ Ախալքալաք քաղաքում։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:  1982-1985 թվականներին եղել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ: 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական, 2002 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ:

Աշոտ Մելքոնյանը 1986 թվականին աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում։ Եղել է գիտաշխատող, գիտական քարտուղար, փոխտնօրեն, իսկ 2002 թվականից՝ ինստիտուտի տնօրեն: 2004 թվականին նա ստացել է  պրոֆեսորի կոչում,      2006  թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 2014 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Նա հեղինակ է 474 գիտական աշխատության, այդ թվում՝ 19 գրքերի, որոնք լույս են տեսել 10 լեզուներով աշխարհի 15 երկրներում: Ակադեմիկոս Մելքոնյանն արժանացել է «Մովսես Խորենացի», «Վաչագան Բարեպաշտ», ԵՊՀ ոսկե մեդալների և տասնյակ այլ պարգևների:

Աշոտ Մելքոնյանը նշեց, որ հայոց պատմության նոր ակադեմիական հրատարակության 8 գրքերից 6-ն անվճար տրամադրվել են գրադարաններին, զորամասերին և դպրոցներին։ «Ինչպես բազմահատորյակի, այնպես էլ մնացած աշխատությունների ստեղծման հարցում առաջնորդվել ենք բացառապես անաչառ պատմություն գրելու հրամայականով՝ քաղաքական կոնյուկտուրայից զերծ», - ասաց Աշոտ Մելքոնյանը։

Որպես կարևոր ձեռքբերում՝ նա շեշտեց ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի դերակատարությունը։ «Ի պատասխան մեր նամակի՝ ԱՄՆ կոնգրեսը հայտնել էր, որ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ինստիտուտի դիմումը որոշակի նշանակություն է ունեցել կոնգրեսականների ճիշտ կողմնորոշվելու խնդրում», - ասաց Աշոտ Մելքոնյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ