02 10 2020

Եթե մեր թշնամին անխոհեմ գտնվի, այս պատերազմը կվերածվի համաշխարհային կոնֆլիկտի․ Աշոտ Մելքոնյան

Եթե մեր թշնամին անխոհեմ գտնվի, այս պատերազմը կվերածվի համաշխարհային կոնֆլիկտի․ Աշոտ Մելքոնյան

Yerevan.Today-ի զրուցակիցը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն է․

Պարոն Մելքոնյան, արդեն վեցերորդ օրն է պատերազմ է Արցախում, որին արդեն ապացուցվել է, ակտիվ ներգրավվածություն ունի Թուրքիան։ Թուրքիայի մասնակցությունը որքանո՞վ է վտանգավոր և ինչքանո՞վ այն կարող է փոխել հակամարտության սցենարը

Թուրքիայի ներգրավվածության հետ կապված երկու ասպեկտ նշեմ․ եթե ռազմական գործողությունների տեսանկյունից՝ բնականաբար մեր խնդիրն ավելի բարդացնում, է, որովհետև խոսքը ՆԱՏՕ-ի ցամաքային ուժեղ երկրներից մեկի մասնակցության մասին է։ Ինչ վերաբերում է դրա դիվանագիտական կողմին՝ միջազգային հանրության կարծիքն այս անգամ միանգամայն այլ է նախորդ պատերազմի համեմատությամբ․ պայմանականորեն ասենք հայանապաստ են, որովհետև մանավանդ Թուրքիայի  կողմից այդ վարձկաններին Ադրբեջան բերելը առաջացրել է աշխարհի մեծերի խորը դժգոհությունն ու անհանգստությունը։ Եվ թերևս չկա մի երկիր, այդ թվում Իրանը, որ անհանգստացած չլինի այդ հանգամանքից։ Իսկ Թուրքիայի միջամտությունը որքան էլ մեզ համար անցանկալի է, մյուս կողմից էլ Հայաստանին օգնելու տրամադրությունները գնալով բնականաբար պետք է աճեն, որն իմ կարծիքով արդեն նկատելի է։

Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին Հայաստանի հարևան երկրներ դիրքվորումը որքանո՞վ եք համարժեք համարում

Հատկապես հարևան երկրների մասով նման պարագայում դիվանագիտությունը պահանջում է, որ զուսպ լինեն և փորձեն հավասարակշիռ հայտարարություններ անել և ցույց տալ միևնույն ձևի մոտեցում հարևան երկրների նկատմամբ։ Բայց իրավիճակը սրվելու պարագայում, կողմերից  յուրաքանչյուրը ստիպված է լինելու այս կամ այն ձևով արտահայտել իր իրական մոտեցումը՝ կողմերից մեկին պաշտպանելու տեսնակյունից։ Հիմա վարձկանների հանգամանքն օրինակ խիստ անհանգստացրել է Իրանին, և Իրանը թեպետ բացահայտ չի խոսում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, բայց  իր անհանգստությունը հայտնելով, դրանով անուղղակի ցույց է տալիս, որ հայկական կողմն իր համար ավելի նախընտրելի է։ Նույնիսկ շատերի համար դժգոհություն առաջացնող հանգամանքը, թե Վրաստանը ինչու է փակել ճանապարները և  ջավախահայության մուտքը թույլ չի տալիս ՀՀ, դա էլ է փոխվում, որովհետև երեկվա ցույցերը, որ Թիֆլիսում տեղի են ունեցել և որին մասնակցել են ազգային ուժերը Վրաստանի իրենց բուռն դժգությունն ու վրդովմունքն են արտահայտել Ադրբեջանի, Թուրքիայի նկատմամբ։ Սա տեղի է ունեցել Թիֆլիս քաղաքի Մարջանիշվիլի փողոցի վրա, որի ռեստորանների սրճարանների մի զգալի մասը պատականում է թուրքերին։ Սա խոսում է այն մասին, որ քրիստոնյա  Վրաստանը ևս ուզի թե չուզի գոնե ինչ-որ  չափով պետք է կողմնորոշվի  և այդ առումով կարծում եմ օրերցօր իրավիճակը փոխվելու է հօգուտ մեզ ։

Մտահոգություններ կան, որ հնարավոր է այս պատերազմը դառնա տարածաշրջանային այլ կոնֆլիկտների ակտիվացման հիմք։ Հնարավո՞ր է այդպիսի զարգացում 

Եթե մեզ թշնամի կողմն այդքան անխոհեմ կգտնվի և չի հասկանա, որ իր դեմ կանգնած է հզոր, անպարտելի հայկական բանակը, որը վաղ թե ուշ ջարդելու է նրանց և չի հասկանալու, որ աշխարհը դատապարտում է իրենց, այս պահվածքը և իրենք տանելու են մինչև իրենց կապիտուլացիա, այդ դեպքում դա տեղի կունենա։ Բայց ես կարծում եմ, որ համենայնդեպս Թուրիքայի մոտ ինչ-որ պահի կարող  խոհեմությունը դեր խաղալ, որովհետև Չավուշօղլուի վերջին հայտարարությունը, թե մենք ևս գտնում ենք պետք է դադարեցնենք կրակը ևս հուշում է, որ  թուրքը որքան էլ ագրեսիվ սուլթանական ժամանակների ագրեսիվությամբ խոսի՝ ռազմաշունչ  դիրքերից, միևնույն է, երբ գալիս է դիվանագիտության ավարտ ստիպված է լինելու իրականության հետ  հաշվի նստել։ Չավուշօղլիի այդ հայտարարությունը Լավրովի հետ միասին , որ պետք է ռազմական գործողությունները դադարեցնել հենց դրա վկայությունն է։ Ենթադրում եմ, որ գլոբալ համաշխարհային կոնֆլիկտի սա չի վերածվի այլ կերպ ասած՝ ուղղակի երրրորդ համաշխարհային պատերազմի, ուրիշ տերմին չես կարող գործածել։

Մեր ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստ ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ: Ի՞նչ կասեք այս մասով։

Դա առաջին հերթին դիվանգիտություն է։ Հայկական կողմը բնականաբար չի կարող հրաժարվել խաղաղասիրական քայլից, որոնցից մեկը բանակցություններն են, որովհետև կա համաշխարհային  հանրություն և այդ իմաստով մեր ԱԳՆ-ն այլ հայտարարություն չէր կարող անել և բնականաբար մենք միշտ էլ խաղաղասեր ենք եղել, բայց մեզ ստիպում են, որ պատերազմը տանենք հաղթական ավարտ։

Վերոնշալից բխելով՝ ինչպիսին կլինի հանգուցալուծումն այս պատերազմի։

Բնականաբար դա կախված է նրանից, թե ռազմական գործողություններն ինչ պահի կդադարեն և մեզ համար որքան նպաստավոր կլինի այդ դիրքերում ռազմական գործողությունները դադարեցնել, որովհետև նկատելի է, երեկվանից հատկապես, որ ռազմաճակատում կամաց-կամաց սկսվում է  շրջադարձ տեղի ունենալ և այն  ահռելի ուժը, որ առաջին օրերին  անակնկալ  հարձակման հույսով ճեղքման հեռանկարով  կիրառվեց Ադրբեջանի կողմից արդեն ջախջախված է և կամաց-կամաց պատերազմը պետք է վերածվի դիրքայինի և հետո  հյուծելով մեր հարևանին, բնականաբար, մեզ համար լինելու է հաղթական։ Դրանից  շատ բան է կախված և մենք այս պատերազմում  կիսատ բան չպետք է թողնենք։

Արմինե Արմենակյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ