ՌԴ պաշտպանության նախարարությունն Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է, որ խաղաղապահները Շուշիի շրջանում ևս մեկ դիտակետ են փակել։
«Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման և զինաթափման հանգամանքով պայմանավորված՝ օրվա ընթացքում փակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ դիտակետ՝ Շուշիի շրջանում։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են ռուս խաղաղապահների 8 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ »,- նշված է տեղեկագրում։
ՌԴ ՊՆ հայտնել է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում․
«Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը