12 09 2023

Նման չափի մաքսատուրքի սահմանումն անխղճություն է. կոչ եմ անում շրջանառությունից հանել նախագիծը. Գառնիկ Դանիելյան

Նման չափի մաքսատուրքի սահմանումն անխղճություն է. կոչ եմ անում շրջանառությունից հանել նախագիծը. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանի հայտարարությունը՝ ԱԺ ամբիոնից

«ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված ավտոմեքենաները Հայաստանում շահագործելու համար գրավ վճարել։

Այս պարագայում, ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև՝ երկքաղաքացիները, Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցը ՀՀ ժամանակավորապես ներմուծելու համար ստիպված կլինեն բավականին մեծ գումար վճարել հատուկ դեպոզիտային հաշվին։

Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները մուծելու են մեքենայի մաքսազերծման ամբողջ գումարը, որը կազմելու է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ եռապատիկը։

Իմ գնահատմամբ՝ սա մարդկանց գրպանը մտնելու հերթական փորձն է։

Նախկինում ևս Վրաստանում մաքսազերծված և Հայաստանում շահագործվող մեքենաների պարագայում սահմանափակումներ էին մտցվել՝ ժամանակավոր ներմուծման համար տարեկան տուրքը 2%-ից 4%-ի հասցնելով:

Ինչու՞ հանկարծ որոշեցին նման նախագիծ շրջանառել։ ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունները քնում արթնանում, մտածում են՝ ինչպես կպնեն քաղաքացու գրպանին։

Ի դեպ, հայկական պետհամարանիշներով մեքենաները Վրաստանի տարածքում կարելի է շահագործել առանց որևէ խնդրի, և 1 տարի անց՝ սահմանը հատելուց հետո, կարող են շարունակել դրանց շահագործումը Վրաստանում։

Այս նախադեպին հետևելով, վրացական կողմը ևս կարող է սահմանափակումներ կիրառել, ինչի արդյունքում քաղաքացիները չեն կարողանա հայկական պետհամարանիշներով մեքենա վարել Վրաստանի տարածքում։

Հարկ համարեցի այստեղից՝ ԱԺ ամբիոնից բարձրաձայնել այս մասին, քանի որ նախագծի ընդունման դեպքում շուրջ 10․000 ՀՀ քաղաքացի ահռելի ֆինանսական վնասներ կկրի։

Շատերը ստիպված են լինելու բավականին մատչելի արժեքով՝ կրկնակի էժան, վերավաճառել իրենց ավտոմեքենաները Վրաստանում, քանի որ մաքսազերծումը Հայաստանում ձեռնտու չէ։

Գաղտնիք չէ, որ Վրաստանից ավտոմեքենաներ ներմուծում են հիմնականում այն անձինք, որոնք այստեղից թանկարժեք մեքենաներ գնելու հնարավորություն չունեն։ Եվ նման չափի մաքսատուրքի սահմանումը, անխղճություն է այդ մարդկանց նկատմամբ։

Ստացվում է, որ երկու դեպքում էլ՝ թե Վրաստանում վերավաճառելու, և թե ՀՀ-ում մաքսատուրքը վճարելու պարագայում, քաղաքացիները ֆինանսական մեծ կորուստներ են կրելու։

Ի դեպ, սա կարող է խնդիրներ ստեղծել նաև Ջավախքի մեր հայրենակիցների համար։ Որևիցե առիթով ՀՀ մուտք գործելիս, նրանք ստիպված կլինեն սահմանը հատելիս մուծել գրավը։

 e-draft.am կայքում հանրային քննարկման դրված այս օրինագծին հանրությունը արդեն իսկ արտահայտել է իր դիրքորոշումը՝ մեծամասամբ դեմ քվեարկելով։

Բոլորովին դեմ չլինելով մաքսազերծման համար խելամիտ վճարի սահմանմանը՝ կոչ եմ անում հրաժարվել և շրջանառությունից հանել քաղաքացիներին կեղեքող նախագծի այս տարբերակը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ