12 05 2023

Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել․ Սիրանուշ Սահակյան



«Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելու միջոցով ու նաև ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք, օրինակ՝ հատկապես ցուրտ եղանակին արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք պատճառեն»,- ասաց նա։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս քաղաքականությունը շարունակվել է հատուկ ծառայությունների հսկողության ներքո ու ավելի անմարդկային վերաբերմունք ցուցաբերվել պահման վայրերում, որտեղ ազգային ինքնասիրությունը վիրավորելու ճանապարհով ընդգծել են ադրբեջանցիների գերակայությունը հայկական էթնիկ խմբի նկատմամբ։

Նա նշեց, թե գերիների նկատմամբ վատ վերաբերմունքին ներգրավվում են նաև քաղաքացիական անձինք, բուժաշխատողները։

«Ռազմական կամ քաղաքացիան բժիշկները, ովքեր առնչվում էին զինծառայողներին, բռնություն էին կիրառում։ Վերջին միջադեպերով ունեցել ենք բազմաթիվ վկայություններ, որ ռազմագերիներին հանձնել են քաղաքացիական անձանց։ Օրինակ՝ դեպի Բաքու տեղափոխվելիս կանգ են առել մի գյուղում, որտեղ արդեն հավաքված են եղել քաղաքացիական անձինք ու ռազմագերուն, մեքենայից գլորելով, ցած են նետել նրանց առջև, որոնք բռնություն ու ծեծ են կիրառել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ