20 04 2023

Փաշինյանը ճեպազրույց տվեց թիկնապահներով շրջապատված



«Ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է, որ ՀՀ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվի», -ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք և, ըստ էության, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և՛ Հայաստանի, և՛ ՀԱՊԿ-ի, և՛ տարածաշրջանի համար, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել», - ասաց նա։

Ինչ վերաբերում է  ԵՄ դիտորդների աշխատանքին՝ Փաշինյանն ասաց, թե պետք է տարբերել ՀԱՊԿ և ԵՄ առաքելությունները.

«ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ ՀՀ-ի նկատմամբ, ՀՀ-ն էլ ունի պարտավորություններ, որը մասնավորապես 2022 թվականին և՛ որպես նախագահող, և՛ որպես մասնակից երկիր լիարժեք կատարել է։ Եվ ԵՄ առաքելությունը մի հարթության մեջ դնել ՀԱՊԿ առաքելության հետ՝ չի կարելի։ Հետևաբար, մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»։

Դիտարկմանը, թե ԵՄ դիտորդները հասցեական գնահատական չեն տվել Տեղ համայնքում տեղի ունեցածի վերաբերյալ՝ Փաշինյանն արձագանքեց.

«Կարծում եմ, որ ԵՄ հայտարարության մեջ էմոցիոնալ առումով գնահատական չկար, բայց քաղաքական շատ հստակ արձանագրում է  արված այն մասին, որ 1991 թ. սահմանը պետք է պահպանվի, և մենք համաձայն ենք դրա հետ։ Դա նշանակում է, որ արձանագրվել է ՀՀ պետական սահմանի խախտումը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ