Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունը Հայաստանում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալներ է հավաքում։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այսօր Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ ռիսկեր կարող էին մեղմացվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայնվեր ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումների փաթեթի իրականացման առաջարկին»,- նշել է փոխնախարարը։
«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»,- ընդգծել է Գալուզինը։
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ի դեպքում «խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնության, դիտորդական առաքելություն ուղարկելու և սահմանապահ զորքերի պատրաստման հարցում օգնության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը