Գեղամ Մանուկյանը գրում է․
Այսօր Եռաբլուրում մեր բոլոր նահատակների համար մոմեր վառելու ընթացքում մեկ էլ մոտեցա շիրիմներից մեկին։ Անծանոթ, գրեթե պատանի՝ Մարատ Բարսեղյան։ Շիրիմին ծաղիկներ էին, Ամանորի զարդարանք ու մրգեր։ Այն մրգերը, որն ավանդաբար ասոցացվում են Ամանորի հետ։ Մեկ էլ եղբորս որդին, թե՝ հոպար, Մարատը Ստեփանակերտի մեր շենքից էր, վերջին մուտքում էր ապրում։ Մեկ պահ լռություն։ ՈՒ մտքիս նրա ընտանիքն էր, որը հիմա, թերեւս եղբորս ընտանիքի պես, շրջափակված Արցախի մայրաքաղաքում է։ Ձեր փոխարեն, շրջափակված արցախցի հարազատներ, Մարատի շիրիմին խունկ վառեցինք, մոմ դրեցինք։ Իսկ քիչ առաջ շրջափակված Արցախը կրկին կապվել էր Հայրենիքին։ Ինչպես ավանդաբար է լինում այս օրը, իմ Երկիր Մեդիայի միջոցով, ուղիղ կապով Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ։ Երկիր Մեդիան չխախտեց այդ ավանդույթը։ Բայց կրկին ուզում եմ վերադառնալ նախկին տարիներ, ուզում եմ հաջորդ տարիներին էլի Երկիր Մեդիայի եթերում լինի նույն Ամանորի ծրագիրը ինչպես 2016-ի դիմավորումը Տիգրանակերտում էր, 2017-ինը՝ էլի Տիգրանակերտում, 2020-ը Շուշիի Իսահակի աղբյուրում։ ՈՒզում եմ Ապրիլյան քառօրյայից հետո Ամանորի նկարահանման կրկնությունը նույն Տիգրանակերտում, որտեղ դեռ երգում էր Արցախյան Ազատամարտով անցած, քառօրյայի մասնակից, 44-օրյայում նահատակված իմ դաշնակցական ընկեր Մհերը՝ Ճուտը, Վարդան Օնանյանը, որ վարում էր Ամանորի ծրագրերը, հիմա ստիպված չլինի մի քանի անգամ վիրահատվել, հենակով ման գա, ու բուժի այս պատերազմում ստացած բազում վնասվածքները։ Ուզում եմ վերադառնա մեր տիգրանակերտյան հպարտությունը, ուժը։
https://www.facebook.com/100001963035770/videos/1302436973165058
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը