26 11 2022

Խաղողը նիսյա տվեցի, հիմա էլ հանցագործություն եմ անում, բայց ճար չկա. խաղողագործը այգին քանդում է. News.am



«Անցած տարի էի ուզում քանդել այգին, բայց սպասեցի, հույս ունեի, որ կկարգավորվի խաղողի մթերման գործընթացը, էս տարի էդ մի քիչ հույսն էլ մեռավ, որոշել եմ՝ գարնանը յոնջա եմ ցանելու»,– NEWS.am-ի հետ զրույցում հեգնանքով ասում է սարդարապատցի Կարենը, որը 13 տարի խաղողի մշակմամբ է զբաղվում եւ այսօր ստիպված է տարիների ստեղծածը օրերի ընթացքում հողին  հավասարեցնել։

Խաղողագործը հույս ուներ, որ իշխանությունները, ինչպես խոստացել էին, այս տարի կլուծեն մթերման խնդիրը, սակայն հույսը չարդարացավ, որոշեց քանդել խաղողի 6000 մետր այգին։

«Հանցագործություն եմ անում, բայց ճար չկա, ինձ մենակ են թողել։ Մեզ խաբեցին պայմանագրերի առումով, էս տարի մի կերպ տարա ՄԱՊ–ում հանձնեցի, նիսյա տվեցի, որ խաղողից պրծնեմ։ Էլ չեմ մշակելու, որովհետեւ մթերման ժամանակը հենց գալիս է՝ հոգեկանիս վրա ամեն ինչ ազդում է, աշխատող էլ չեմ գտնում։ 13 մարգ խաղողը քաղելու համար 38 հոգի մարդ է պետք, միայն բերքահավաքը 400 հազար դրամ է նստում ինձ վրա»,– ասում է խաղողագործը։

Կարենը դեռ չի որոշել՝ խաղողի այգու փոխարեն գարնանն ինչ է մշակելու։ Բանջարեղեն աճեցնել չի կարող, հողը քարոտ է։ Այստեղ սալորի այգի ունի, որի եկամտից չի դժգոհում, կարող է այգին մեծացնել, բայց այդ հարցում դեռ երկմտում է։

Այգին քանդելը ծանր որոշում էր, բայց ասում է՝ այլ ելք չուներ։ Այս հողատարածքից տարեկան մինչեւ 22 տոննա խաղող է հավաքել Կարենը։ Պայմանագիր ուներ «Նոյ»  գործարանի հետ, բայց վերջին տարիներին ըստ խաղողագործի՝  գործարանը խաղող չի մթերում կամ էլ ցածր գնով է ընդունում, ինքն էլ այս տարի հարկադրված, որ աշխատանքը ջուր չդառնա, մեկ այլ գործարանում ինքնարժեքից ցածր՝ 120 դրամով է մթերել խաղողը եւ դեռ գումարն էլ չի ստացել։

«Ինքնարժեքից  5 դրամ ցածր գնով եմ մթերել։ Ինձ համար նախընտրելի էր, որ 170–ից 180 դրամով մթերեի խաղողը,  որ ես էլ գոյատեւեմ, բա գոնե 50 դրամ ինձ չմնա, ընտանիք ունեմ, ուսանող եմ պահում»,– ասում է նա։

Այս տարի 12 տոննա խաղող է քաղել Կարենը, սա այն դեպքում, երբ չի մշակել այգին, գիտեր, որ նորից իրացնելը դժվար է լինելու, բացի այդ, խաղող մշակելը թանկացել է։

«Դիզվառելիքը 630 դրամ է, բանվոր ուժը 5000–ից 6000 է եղել, էս տարի 8000 էր, մեքենա էն ժամանակ 15 000–ով էր գործարան տանում, հիմա՝ 20 հազարով։ Բուժանյութը 250–ից 300 հազար էր, հիմա 400  հազարից անցել է։ Ամեն ինչը թանկացել է, բայց խաղողի գինը իջել է, ասում են՝ դոլարից է կախված, էդ դոլարը ձեթի վրա չազդե՞ց, մենակ խաղողի վրա ազդեց»,– նշում է խաղողագործը։

Խաղողի մթերման խնդիրներն ըստ Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետ Գեւորգ Ղազարյանի՝ առաջացել են 2020 թվականից՝ կորոնավիրուսով, 44–օրյա պատերազմով, հիմա էլ ռուս–ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված։ Պաշտոնյայի խոսքով՝ մթերող ձեռնարկությունները չեն կարողացել իրացնել խաղողը եւ գործարաններում կուտակվել էր շուրջ 44 մլն լիտր կոնյակի սպիրտ, ինչի պատճառով էլ խաղողի պահանջարկը նվազեց։ Բացի այդ արտահանման դժվարություններ են առաջացել, դրամն է արժեորվել, ինչն էլ ազդել է խաղողի մթերման գնի վրա։ Որպեսզի գյուղացին եւ խաղող մթերող գործարանը նորից մթերման եւ  իրացման խնդիրների առաջ չկանգնեն, Կառավարությունը աջակցում է վերամշակողներին իրացնել կուտակված սպիրտը, ո խաղողի նկատմամբ ներքին պահանջարկը մեծանա։

«Էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է պետական աջակցության ծրագիր՝ կոնյակի սպիրտների արտահանման լրացուցիչ տուրքերի հետվերադարձի չափով։ Պետությունը խրախուսում է, որ ավելի շատ ունենանք գինու համար օգտագործվող խաղող, որովհետեւ գինու պահանջարկը տարեցտարի ավելանում է, բացի այդ էլ գինեմետ սորտերի խաղողը մթերվում է շատ բարձր գնով»,– ասում է Գեւորգ Ղազարյանը։

Խաղողագործ Կարենը չի վստահում Կառավարության այս աջակցությանը, ասում է՝ ապահովեք պայմանագրերով, նշեք խաղողի մթերման ամենացածր գինը, որ մի օր էլ գինու համար մշակած խաղողը իրացնելու վտանգի տակ չհայտնվի։

«Ոնց սա խրախուսեցին, էնպես էլ գինու համար օգտագործվող խաղողն են խրախուսելու։ Պայմանագիր կնքեք, ժամկետներ ու գին նշեք, բայց չկա, ո՞ւմ հույսով հիմա էլ գինեմետ սորտի խաղող մշակեմ»,– ասում է Կարենը։

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան արձագանքում է.

«Նորմալ է, որ փաստեր են ուզում տեսնել, բայց կարծում եմ՝ էդ փաստերի պատասխանը պետք է տա վերամշակողը, իրենք պետք է աշխատեն վերամշակողների հետ ու կնքեն երկարաժամկետ պայմանագիր»։

Պաշտոնյան բնական գործընթաց է համարում խաղողի այգիների քանդումը եւ կրկնում՝ պետությունը խրախուսում է գինու համար օգտագործվող խաղողի մշակումը։

«Մենք ունենք 14 հա խաղող այգի, 80 000 խաղողագործ, համեմատության համար ասեմ, որ Վրաստանում կա 35 հա խաղողի այգի, 15 000 խաղողագործ։ Խաղողի փոքր հողակտորների վրա նույնիսկ եթե 150 դրամով մթերեն, միեւնույն է՝ էն եկամուտը չի ստանալու, որն ակնկալում է։ Այսինքն՝ պրոցեսը պետք է գնա այն ուղղությամբ, որ այգիները խոշորացվեն, ինտենսիվ եղանակով մշակվեն, ինքնարժեքը նվազի եւ եկամուտը մեծանա»,– նշում է Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետը։

Խաղողի մթերման այս տարվա ծավալները դեռ չեն ամփոփվել, սակայն, նախնական տվյալով այն կազմում է 190 հազար տոննա, իսկ արտահանումը՝ 14 հազար տոննա։ Կառավարությունն ակնկալում է, որ տարեվերջին արտահանումը կհասնի մինչեւ 20 հազար տոննայի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ