Yerevan.Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․
«Երեկ՝ օգոստոսի 17-ին, Ռուսաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ վրդովմունք հայտնելով, որ «ցինիկ նյութեր» են շրջանառվում՝ Ռուսաստանին մեղադրելով Սուրմալուում պայթյունի մեջ։ Կարճ ասած՝ նյութեր տարածողները համարում են, որ Սուրմալոււմ կատարվածը ահաբեկչություն էր, որի մեղավորը Ռուսաստանն է։ Ռուսական կողմը Հայաստանի իշխանություններից ակնկալում է քայլեր՝ այդ մեղադրանքները և տարածումը ճնշելու համար։ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ արձագանք չի եղել։
Հիմա հիշենք․ Ինչի՞ համար 2022թ․ մայիսին կալանավորվեց ու 3 ամիս բանտում անցկացրեց բլոգեր, հասարակական ակտիվիստ Միկա Բադալյանը։ Քննչական կոմիտեի համաձայն, նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Հիմա հարց․ ինչպե՞ս է պատահում, որ քաղաքացիներից մեկն ընդամենը կասկած է հայտնում, որ մեր երկրում կարող է ահաբեկչություն անեն, նրա նկատմամբ քր․գործ է հարուցվում, կալանավորում եք, բայց այլ, հայտնի շրջանակներ, որոնք մեղադրում են Ռուսաստանին ահաբեկչություն անելու մեջ, նրանց նկատմամբ ոչինչ չկա, ոչ մեկ չի հրավիրվել հարցաքննության, բացատրություն տալու, չեք ուսումնասիրում այդ հայտարարությունները․ չէ՞ որ, ամենայն հավանականությամբ, դրանք կեղծ են, այն է՝ «ահաբեկչության մասին սուտ հաղորդում»։ Գուցե նրա համար, որ առաջին դեպքում մեղադրողը ընդդիմադիր է Փաշինյանի իշխանությանը, իսկ դրսում «Դիմադրության» ալիքն էլ նոր էր թափ հավաքում, իսկ երկրորդ դեպքում հակառուսական տրամադրություններ ստեղծող իշխանամերձ շրջանակնե՞րն են։
Իսկ հիմա, կարծում եմ, անկախ ՌԴ նոտայից, ՀՀ իրավապահ համակարգի պատասխանատուները, որքան ջանասիրաբար բերման էին ենթարկում, հարցաքննում ու կալանքի առնում մի դեպքը, այս դեպքով ևս պետք է ցուցաբերեն նույն մոտեցումը, թե չէ ռուսներին դժվար կլինի համոզելը, որ այդ հակառուսականության տարածումով զբաղվող շրջանակների ետևում հենց Փաշինյանի իշխանությունը չէ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը