02 08 2022

ԱՀ դատախազությունը հորդորում է ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ չստուգված տեղեկություններ տարածելուց

ԱՀ դատախազությունը հորդորում է ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ չստուգված տեղեկություններ տարածելուց

01.08.2022թ.-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության կողմից արդեն որերորդ անգամ բարձրաձայնված՝ հայատյաց քաղաքականության ու Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են: Այս մասին ասված է Արցախի դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

«Արցախի պաշտպանության բանակն արդեն ներկայացրել է իրավիճակը շփման գծում և պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն:

Թեև բազմիցս խոսվել է այդպիսի իրավիճակներում բացառապես պաշտոնական աղբյուրներին հետևելու անհրաժեշտության մասին, այդուհանդերձ, նմանօրինակ դեպքերում մշտապես ականատես ենք լինում ինքնագործունեության և անհարկի խուճապ ծնող երևույթների:

Արցախում հանրային կյանքը լարվածության մթնոլորտում է անցնում գրեթե ամեն օր, պետական մարմիններն այդ պայմաններում փորձում են կազմակերպել առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն, քաղաքաշինական աշխատանքներ, մինչդեռ լարվածության ավելորդ բաժինը ոչ միայն կաթվածահար է անում նշված գործընթացը, այլև հիշյալ համակարգերի առջև արհեստականորեն ծնում է հավելյալ ծանրաբեռնվածություն, որպիսի հետևանք արձանագրվել է նաև վերջին օրերին:

Ուստի Արցախի Հանրապետության ներքին անվտանգությունն ու հանրային կյանքի բնականոն ընթացքն ավելորդ ցնցումներից զերծ պահելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ