25 07 2020

Սահմանին լարվածության ժամանակ ԱԱԾ-ն միայն ներքին թշնամիների դեմ էր պայքարում․ Ենոքյան

Սահմանին լարվածության ժամանակ ԱԱԾ-ն միայն ներքին թշնամիների դեմ էր պայքարում․ Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է․

«Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի ձեռնարկած տավուշյան ավանտյուրան լավ եւ բազմաշերտ նախապատրաստված պատերազմական գործողություն էր՝ դիվանագիտական, քարոզչական, իր սփյուռքի, Թուրքիայի, միջազգային կառույցների հետ մշակված բազմաթիվ գործողությունների հավաքածուով։ Սկզբում զարմացանք, երբ Ադրբեջանը, որ միշտ կոծկում էր իր զոհերի թիվը, այս անգամ սկսեց լայնորեն ներկայացնել, թե հայերը իրենց ինչ կորուստներ են պատճառել։ Ադրբեջանում տասնամյակներով չէին տեսել բազմահազարանոց ցույցեր՝ այս անգամ տեսան։ Անգամ այս լոկալ ռազմական բախման առիթով ցույցեր եղան նաեւ Թուրքիայում, թուրք լիդերները սկսեցին ագրեսիվ հայտարարություններով հանդես գալ։ Ադրբեջանական սփյուռքը չունի ուժեղ կառույցներ, սակայն նրանք եւս միասնական եւ համալարված գործեցին թե գործարարների կողմից արգելքներով, թե բախումներ հրահրելով․ այստեղ եւս ակնհայտ էր Ադրբեջանի պետության դերը։ Այսինքն, տավուշյան դեպքերը միայն առիթ էին, եւ բաց թողնվեց կուռ, բոլոր առումներով խնամքով լարված զսպանակը։
Արդյո՞ք մենք գիտեինք այս մասին։ Բանակը միշտ գիտի եւ միշտ պատրաստ է կատարելու իր սպեցիֆիկ գործը՝ ռազմական միջոցներով Հայաստանը պաշտպանելը։ Դա լավ է, բայց տպավորություն կա որ մեր հետախուզական ծառայությունը տեղյակ չէր Ադրբեջանի մյուս նախապատրաստություններից։ Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը, բազմաթիվ այլ գործիչներ կոնկրետ օրինակներով կանխատեսել էին Ադրբեջանի առանձին գործողությունները, ու թեեւ այդ կանխատեսումները իրականություն դարձան, սակայն դրանք ահազանգ չդարձան պետության համար։ Նորից ցավով նշենք, որ ԱԱԾ-ն միայն ներքին թշնամիների դեմ էր պայքարում, պոակը շարունակում էր ներքին զազրախոսությունները, մերկ պահելով արտաքին քարոզչության դաշտը, դիվանագիտությունը քնած էր։

Մեր նախապատրաստությունը այս ամենին ոչ թե զրոյական մակարդակի վրա էր, այլ նույնիսկ բացասական, քանի որ Եկեղեցուն, դասական կուսակցություններին ու կառույցներին Հայաստանի իշխանությունները զբաղեցնում էին նրանց վրա հարձակումներից պաշտպանվելով, թույլ չտալով ավելի էֆեկտիվ գործել Սփյուռքում։
Պետք է գիտակցենք, Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմը՝ իր պրոքսի բաղադրիչներով, չի ավարտվել, շարունակվում է, եւ որեւէ հիմք էլ չկա պնդելու, որ նրանք չունեն նոր մշակումներ՝ ինչպես արտասահմանում, այնպես էլ սահմանին։

Լավ, ենթադրենք, մեր անպատրաստությունը, մեր անշնորհքությունը անցյալում է, տեսնենք, արդյո՞ք պետական կառույցները խելքի են եկել եւ սկսել են ադեքվատ աշխատել․ նայենք վերջին 1-2 օրվա լրահոսին։ Դիվանագիտության արձագանքները շարունակում են մնալ ուշացած եւ թույլ։ ԱԱԾ-ն փորձեց Ադրբեջանի դեմ պայքարի իմիտացիայի ստեղծել եւ ինչ-որ հեռախոսահամարներ հրապարակեց, ու խայտառակ եղավ։ Հայ ժողովուրդը շարունակում է պայքարել Հայաստանի Հանրապետության դեմ՝ հայ գրականություն ունենալու իրավունքի համար։ Այս լարված իրավիճակում արձակուրդ գնաց Սփյուռքի հարցերով հանձնակատարը։ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ճառը արտասանեց կորոնավիրուսի մասին ու եւս գնաց արձակուրդ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ