01 08 2022

Դադարեցվում է Երևանի հանրային մուլտիպլեքսում Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը

Դադարեցվում է Երևանի հանրային մուլտիպլեքսում Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը

Հանրային հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում է ստացել առ այն, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը: Այս մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերությունից։

«Այսպիսով, անջատվում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը սովորական թվային ընդունիչով: Հանրային հեռուստաընկերությունն այս որոշման հետ համաձայն չէ, սակայն այլևս չի կարող հեռարձակում իրականացնել: Հայտնում ենք, որ Առաջինը կրկին մասնակցելու է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման հայտարարված մրցույթին:

Առաջինի լրատվական ալիքին կարող եք շարունակել հետևել մալուխային եղանակով (Ucom, Rostelekom, Team Telecom և այլն), 1lurer.am կայքի ուղիղ հեռարձակման բաժնում` YouTube-յան ալիքում և այլ սոցհարթակներում (Facebook, Telegram, Instagram)»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` 2021 թվականի ապրիլի 4-ին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:

Հունիսի 4-ին ՀՌՀ-ն ընդունած որոշմամբ հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ին, որին տրամադրել էր Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

Ս.թ. հունիսի 29-ին դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» հայցը և անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թիվ 93-Ա որոշումը:


ՀՌՀ-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել էին Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում։ Սակայն դատարանները մերժել են վարույթ ընդունել բողոքը։ Այդպիսով դատական գործընթացն ավարտվել է և վարչական դատարանի վճիռը` հօգուտ «Հ2»-ի մտել է ուժի մեջ։

ՀՌՀ–ն առաջիկայում ստիպված է լինելու նոր մրցույթ անցկացնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ