19 08 2020

Հանրային մուլտիպլեքսից ռուսական ալիքների հանումը հերթական հակառուսական քայլն է․ Միհրան Հակոբյան

Հանրային մուլտիպլեքսից ռուսական ալիքների հանումը հերթական հակառուսական քայլն է․ Միհրան Հակոբյան

Հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստալիքների հանումը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հերթական հակառուսական քայլն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։ 

«Հայաստանի իշխանությունը պատրաստվում է օրենքի ուժով հանրային մուլտիպլեքսից հանել ռուսական հեռուստաալիքները: Այսինքն` Հայաստանի բնակիչները շուտով չեն կարողանալու սովորական ալիքներով դիտել տարիներ շարունակ հայկական հեռուստացանկում եղած ռուսական հեռուստաալիքները, այդ թվում` «Первый канал», «Россия» և «Культура» ալիքները, որոնք շատ մեծ լսարան ունեն Հայաստանում: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի «հիմնավորումն» այն է, որ հայկական հանրային մուլտիպլեքսում պետք է լինեն միայն ու միայն հայկական հեռուստաալիքներ, և ռուսերենով ու անգլերենով հեռուստաալիքներ չպետք է լինեն: Դրանք կարող են լինել մասնավոր կաբելային ցանցերում կամ մասնավոր մուլտիպլեքսում (ինչը գոյություն չունի):

Միայն ապուշին պարզ չէ, որ անգլերենի մասը զուտ աճպարարություն է, որովհետև երկար տարիներ հանրային մուլտիպլեքսում եղած CNN-ը Հայաստանում զրոյական լսարան ունի: Լեզվական, մշակութային ու քաղաքակրթական իրողություններն են այդպիսին: Իսկ ռուսերենով ալիքները, մասնավորապես` «Первый канал-ը» և «Россия-ն» շատ մեծ լսարան ունեն Հայաստանում, էլ չասած «Култура»-ի մասին, որ համամարդկային արժեքների և համամարդկային մշակույթի հանրայնացման համատեքստում ահռելի լուսավորչական աշխատանք է կատարում: Այս քայլով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մեկ նպատակ է հետապնդում. հերթական սեպը խրել հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի մեջ և Հայաստանը ևս մեկ քայլով հեռացնել Ռուսաստանից` սպասարակելով ինչ-որ անհասկանալի ու վտանգավոր սոռոսական օրակարգ:

Իհարկե, Հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստալիքների հանումը Նիկոլ Փաշինյանի ռեժիմը փորձելու է հիմնավորել ինքնիշխանության ամրապնդման և հայերենի դիրքերն ամրապնդելու «փաստարկներով», բայց բոլորն են հասկանում` չի կարող ինքնիշխանությունից և հայկական ինքնության ամրապնդումից խոսել մարդկանց մի խումբ, որ իշխանության գալուց հետո Հայաստանում Սոռոսի գրասենյակի ուղիղ ցուցումներով պատերազմ է հայտարարել հայ ազգայինին ու հայկական ինքնությանը: Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմը պատվիրատուների թելադրանքով խնդիր ունի Հայաստանի բնակչությանը դուրս հանել ռուսալեզու քաղաքակրթական-տեղեկատվական դաշտից` կտրելով նաև Ռուսաստանում ապրող շուրջ երեք միլիոն հայերի հետ համատեղ մշակութային-տեղեկատվական դաշտում ապրելու հեռանկարից:

Իսկ գիտե՞ք, թե ինքնիշխանության ամրապնդման կարգախոսների ներքո ռուսական ալիքների փոխարեն հայկական հանրային մուլտիպլեքսում ի՞նչ է լինելու. օրինակ` հայալեզու «ԱզատությունTV-ն» է լինելու: Այո այո, այն «Ազատությունը», որը ժամանակ առ ժամանակ հայերենով հայ մարդկանց շրջանում հակառուսական քարոզչություն է իրականացնում, ԼԳԲՏ քարոզչություն է իրականացնում, և երբեք չի օգտագործում «Արցախի Հանրապետություն» կամ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունները»,- գրել է նա։ 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ