05 04 2022

Նվազագույն աշխատավարձը 80 հազար դարձնելու ընդդիմության նախագիծն իշխող ուժը մերժեց



«Նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից հասցնել 80 հազար դրամի»,-Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով իր հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Պատգամավորը հիշեցրեց, որ մարտ ամսին իր հեղինակած նախորդ նախագիծը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ, ԱԺ-ն մերժել էր մի քանի դիտողություններով, որոնք էլ պատագամավորը հաշվի է առել նոր ներկայացված նախագծում:

Վարդանյանը հայտնեց, որ նախագծով փոփոխություններ են արվում նաև գործավարձով, ժամավճարով վարձատվող աշխատակիցների ժամային, տարիֆային դրույքների նվազագուն չափերը:

Օրենքի նախագծում ասվում է. «Գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`

1) աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 478 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 534 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 800 դրամ»:

Ընդդիմադիր պատգամավորը նաև  նկատեց, որ ներկայում կա էական գնաճ և պետք է հոգ տանել հարյուր  հազարավոր քաղաքացիների մասին:

Հանձանաժողովը  սակայն բացասական եզարակցություն տվեց նախագծին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ