Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման՝ չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է մակնշումը (բացառությամբ շուկաներում վաճառվող գյուղատնտեսական արտադրանք հանդիսացող հավկիթների, որոնց իրացման համար անհրաժեշտ է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոն):
Հավկիթների մակնշման մեջ պետք է տեսանելի լինեն հավկիթի տեսակը, կարգը, արտադրության օրն ու պիտանելիության ժամկետը:
Կախված հավկիթի տեսակից ու կարգից պիտանելիության ժամկետը տարբեր է. Ա դասի կամ թարմ հավկիթի «Էքստրա» տեսակի պիտանելիության ժամկետը 7 օր է, իսկ 1-ին տեսակի հավկիթներինը` 25 օր` օդի ջերմաստիճանի 00-200 C և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում: Հավկիթի թարմությունը կարելի է որոշել ինչպես գնելիս, այնպես էլ արդեն տանը: Գնելիս պետք է ուշադրություն դարձնել վերջինիս գույնին և կճեպին: Գույնը պետք է լինի սպիտակ, իսկ եթե կաթնագույն է, դեղնավուն կամ մոխրագույն, նշանակում է՝ այն այլևս թարմ չէ:
Կճեպը պետք է լինի չաղտոտված, հարթ և առանց ճաքերի: Թարմ չլինելու մասին է վկայում է նաև հաստ կճեպի վրա արտահայտված ցանի առկայությունը:
Հավկիթը չպետք է նաև կոտրված կամ ճաքած լինի, քանի որ կճեպի ճաքերից և կոտրվածքներից մանրէները կարող են ներթափանցել հավկիթի մեջ: Իսկ եթե արդեն գնել եք հավկիթ, սակայն, այնուամենայնիվ, կասկածում եք վերջինիս թարմության մեջ, ապա այն դրե՛ք ջրով լի տարայի մեջ, եթե ընկղմվեց ջրի մեջ, ուրեմն թարմ է, եթե ոչ` մի՛ օգտագործեք այն:
Թարմությունը կարելի է որոշել նաև պարզապես թույլ թափահարելով ձուն, եթե զգացվեց շատ թույլ շարժում, ուրեմն այն թարմ է, իսկ եթե շարժման ձայն լսվեց` թարմ չէ: Բացի դրանից, կարելի է ջարդել ձուն, եթե դեղնուցը չխառնվեց սպիտակուցին, ուրեմն վերջինս թարմ է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատերը ոչ միշտ են առաջին իսկ օրը սպառում նախապես եփված հավկիթները՝ խորհուրդ է տրվում չսպառելու պարագայում հավկիթը եփելուց հետո պահպանել սառնարանային պայմաններում և օգտագործել 72 ժամվա ընթացքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը