2024 թվականի սեպտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 13․9 °C, որը նորմայից բարձր էր 0․7 °C-ով, տեղեկացնում է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, որ միևնույն ժամանակ այս տարվա սեպտեմբեր ամիսը համարվել է խոնավ, քանի որ տեղումների քանակը՝ 47․7 մմ, կազմել է նորմայի 170 %-ը։
Համեմատաբար շոգ եղանակներ են դիտվել սեպտեմբերի 3-4-ը և 12-13-ը, երբ օդի առավալեգույն ջերմաստիճանները Արարատյան դաշտում հասել են 35-37°C-ի։ Որպես համեմատություն՝ 2022 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակում գրանցված օդի առավալեգույն ջերմաստիճանները Արարատյան դաշտում կազմել են 39-40 °C, իսկ Մեղրիում՝ մինչև 40․8 °C։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք սեպտեմբերը դիտվել է 2017 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 16․4 °C՝ գերազանցելով նորման 3․2 °C-ով, իսկ ամենացուրտը՝ 1956 թվականին՝ 10․4 °C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ սեպտեմբերը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների միջին քանակը կազմել է 111․4 մմ, նորմայից գրեթե 4 անգամ ավելի, իսկ ամենաչորը 2007 թվականի սեպտեմբերն էր՝ ընդամենը 1․7 մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ սկսած 1935 թվականից՝ սեպտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․6 °C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 5 մմ-ով ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը