14 03 2022

Հնարավո՞ր է քրեորեն պատժեք այն մարդկանց, ովքեր ճաշի մեջ առանց համտեսելու աղ են լցնում․ Արեգնազ Մանուկյանը՝ նախարարին



Արդյոք աղի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար Դուք դրամաշնորհ ստացե՞լ է են կամ նախարարությունը ստացե՞լ է, ու եթե ստացել են, ո՞ր կազմակերպությունից: Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստում հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանին։

Նախարարը պատասխանեց. «Առողջապահության նախարարությունը եւ կառավարությունը ունի հանձնառություն՝ պաշտպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը, բարելավելու առողջությունը, կանխարգելելու,  հայտնաբերելու հիվանդությունները ու դրանք բուժելու: Եթե երկիրը իր քաղաքացիների առողջության պահպանման մեջ ներդրում չի անում, պետք է նորանոր միջոցներ ներգրավի բուժման, հաշմանդամության համար, ու երբեմն այնքան ծանրացած են լինում, որ չի հաջողվում կյանքը փրկել: Ես ստանում եմ աշխատավարձ՝ իրականացնելու այդ ոլորտի լիազոր մարմնի կառավարումը, հավելյալ միջոցների մասին խոսելը ծիծաղելի է: Մենք հետեւողականորեն քաղաքացիների առողջության պահպանման մարտավարություն ենք տանելու: Մենք պետք է առողջ սնվենք, մարզվենք, որ ստիպված չլինենք հիվանդաբուժությամբ զբաղվել»:

Արձագանքելով նախարարին Մանուկյանն ասաց․ «Դուք մտահոգություն էիք հայտնում, որ մարդիկ ճաշի մեջ աղը լցնում են՝ առանց փորձելու, հնարավո՞ր է նախաձեռնությամբ հանդես գաք՝ քրեական պատասխանատվության ենթարկել մարդկանց՝ ճաշի մեջ առանց համտեսելու աղ լցնելու համար»։

Նախարարը վստահեցրեց, որ մեր քաղաքացիները ունենան առողջ սովորույթներ, երկար պահպանեն իրենց առողջությունը, կյանքի որակը, ոչ թե զբաղվեն հիվանդությունների դեմ պայքարելով:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ