News.am-ը գրում է․ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի ժամանակ շեշտվել է երկրում ընդվզման հասունացման անհրաժեշտությունը, եւ այս դեպքում նա եւ նրա թիմը պատրաստ են ղեկավարել այն եւ իշխանափոխություն իրականացնել։ Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Արձանագրվել է, որ իշխանության մեջ կան ճաքեր, որոնք դրսեւորվում են Երեւանի քաղաքապետարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներով։ Էական է, որ իշխանությունից հեռացող կամ հեռացած մարդիկ հաստատում են այն թեզը, որ երկրում տիրում է համակարգային կոռուպցիա, ամենաթողություն եւ տարբեր բացասական երեւույթներ»,-նշեց նա։
Փորձագետը հավելեց, որ իշխանությունների վարկանիշը կրկնակի ընկե էլ, ընկել է նաեւ ընդդիմության վարկանիշը, սակայն վերջին դեպքում այն վերականգնելն ավելի հեշտ է։
«Միեւնույն ժամանակ, կարեւոր է նշել, որ իշխանությունների վարկանիշի անկումը չի նշանակում վարկանիշի բարձրացում ընդդիմության շարքերում՝ իշխող ռեժիմից հիասթափված զանգվածների հաշվին։ Ընդդիմության դեպքում դա սովորաբար կապված է պասիվության կամ որոշ անհաջողությունների հետ, սակայն նույնիսկ ոչ մեծ հաջողությունները կարող են փոխել մարդկանց տրամադրությունը։ Դրա օրինակ կարող է լինել ՍԴ-ում ընդդիմության մասնակի հաջողությունը ՊՇՌ թեստերի հարցում, ինչը կարող է բնակչության մի մասին գրավել դեպի ընդդիմության կողմը՝ անկախ Փաշինյանի հանդեպ սիրուց կամ հակակրանքից, քանի որ իշխանությունների առաջարկած որոշումը հարվածում է նրանց գրպանին։ Իշխանություններից հիասթափված ընտրազանգվածին իրենց կողմը քաշելու համար պետք է գործել, քանի որ մարդիկ կարող են սկսել այլ այլընտրանք փնտրել»,-պարզաբանեց Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ սովորաբար ընդդիմության առաջնորդի ասուլիսները որոշակի թափ են տալիս, քանի որ դա քարոզչական աշխատանք է, որն իրականացվում է կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ։
«Քոչարյանը, ըստ էության, ոչ միայն հստակություն է մտցնում ընդդիմության գործունեության հետ կապված, այլ գնահատում է երկրում տիրող իրավիճակը, իշխանությունների գործողությունները եւ այլն։ Նա հաստատել է իր կանխատեսումները երկրում հաջորդ արտահերթ ընտրությունների ժամկետների վերաբերյալ՝ 1,5 տարի։ Այս ամենը որոշակի տրամադրություն է ստեղծում ընդդիմադիր ընտրազանգվածի մոտ։ Կրկին կարեւոր է նաեւ կազմակերպչական աշխատանքը, քանի որ մարդիկ՝ նույնիսկ իրավիճակի որակական վերլուծություն լսելուց հետո, անմիջապես փողոց դուրս չեն գա։ Սովորաբար դա տեղի է ունենում, երբ քարոզչությանը հաջորդում է կոնկրետ գործողությունների կոչը: Այս ուղղությամբ, կարծում եմ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Խոսելով ընդվզման անհրաժեշտության մասին՝ Քոչարյանը դրանով հրահանգ է տալիս, որ եթե զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելու տրամադրություններ կան, ապա իշխանությունները շանս չեն ունենա»,-ասաց փորձագետը։
Նախապատրաստական փուլում նա արդյունավետ է համարում թե՛ ընդդիմադիր ուժերի համատեղ աշխատանքը՝ միասնական օրակարգով, թե՛ առանձին աշխատանքը։
«Նույնիսկ եթե միասնական պայքար հայտարարվի, ամեն դեպքում յուրաքանչյուր ուժ կզբաղվի իր կառույցներով, եւ մեխանիկական միավորումը հնարավոր է, երբ այդ ուժերը պատրաստ լինեն։ Երբ կոնկրետ գործողությունների կարիք լինի, այդ ժամանակ կարելի է պատրաստի ֆորմատներ ու կառույցներ միավորել։ Կարծում եմ, որ հիմա էլ նման ուժերը համագործակցում են»,-եզրափակեց Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը