01 12 2021

Իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր մտահոգ են երկրի ապագայով. Արթուր Խաչատրյան

Իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր մտահոգ են երկրի ապագայով. Արթուր Խաչատրյան

Armdaily.am-ը գրում է․ «Այն ժամանակ, երբ թշնամիները լայնածավալ գրոհ են ձեռնարկել ՀՀ և ԱՀ դեմ, երբ օղակը Սյունիքի շուրջ սեղմվում է, երբ թուրքերը զինվորական գործողություններից չեն խորշում, երբ Սյունիքի բնակավայրերի մի մասը գտնվում է թուրքական շրջափակման մեջ, երբ Փաշինյանը ստորագրում է երկրի համար բացասական առումով ճակատագրական նշանակություն ունեցող փաստաթղթեր բնականաբար իշխող ռեժիմը պիտի փորձի իրեն հատուկ ձևերով բռնակալական հակումների բռնակալական գործիքակազմով պետք է փորձի երկրի ներսում լռեցնի բոլոր նրանց, ովքեր հասկանում են, թե Հայաստանը ինչ իրավիճակի առաջ է կանգնած, ինչ ապագա է սպասվում հայ ժողովրդին և հայ ասպետականությանը»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Աշոտ Մինասյանի կալանավորմանը։

Պատգամավորի պնդմամբ՝ այս իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր չեն հանդուրժում երկրի կործանումը։

Խաչատրյանն ասում է, որ սա Սյունիքի համար սպառնալիք է։
«Եկեք հետ նայենք ու տեսնենք, որ քրեական գործեր են հարուցված և կալանավորված են Գորիսի քաղաքապետը, Մեղրիի քաղաքապետը, Սյունիքը ներկայացնող պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը և այս շարքին նաև ավելացավ ծագումով Սիսիանից ազատամարտիկ, փառավոր մարտական անցյալ ունեցող Աշոտ Մինասյանը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա, Սյունիքում, Հայաստանի շուրջ, և մասնավորապես, Սյունիքի շուրջ զարգացումների ֆոնի վրա է այս ամենը տեղի ունենում։

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ ArmDaily.am-ը տեղեկություն էր ստացել, որ կալանավորվելու է Սիսիական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Ավելի ուշ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր ստացած տեղեկությունները՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը՝ առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորման միջնորդությունը մերժելու դեմ։

Նա կկալանավորվի 2 ամսով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ