18 11 2021

Իշխանությունների հեռացման դեպքում, մենք հնարավորություն կունենանք կասեցնել զիջումների շարքը. Քրիստինե Վարդանյան

Իշխանությունների հեռացման դեպքում, մենք հնարավորություն կունենանք կասեցնել զիջումների շարքը. Քրիստինե Վարդանյան

Ադրբեջանն էսկալացիայի դիմեց, որովհետեւ Հայաստանն իր 30 տարվա անկախության պատմության մեջ ամենաթույլ վիճակում է, որովհետեւ Հայաստանը չունի հայկական շահերը պաշտպանող իշխանություն, որովհետեւ նրանք իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ են տալ ամեն ինչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Հայաստանի նկատմամբ սանձազերծված պատերազմը չի ավարտվել նոյեմբերի 9–ով եւ չի էլ սկսվել սեպտեմբերի 27–ով։ Մենք գործ ունենք թշնամական պետությունների հետ, որոնք այս տարածաշրջանում չեն ընդունում մեր գոյությունը։ Իրենց հաջողվել է նոյեմբերի 9–ին հասնել ռազմական առավելության, բայց քաղաքական նպատակն ամբողջությամբ իրականացված չէ։ Այս տարածաշրջանում հայկական պետության գոյությունը, որը հիմա կա Սյունիքով, հայկական Արցախով, իրենց համար անընդունելի է։ Գերնպատակը Սյունիքը Հայաստանից կտրելն է, Արցախը՝ հայաթափելը, եւ իրենց համար ճանապարհ բացելը։ Քանի դեռ  այս նպատակը իրագործված չի, պատերազմը շարունակվում է եւ շարունակվելու է այնքան մինչեւ իրենք կարողանան հասնել այդ նպատակին, ինչը հայկական կողմը չպետք է թույլ տա»,– ասաց Քրիստինե Վարդանյանը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից  գաղտնի պայմանավորվածությունների գնալու մասին պնդում անել չի կարող, սակայն ըստ նրա՝ Հայաստանը իր քայլերը համաձայնեցնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։

«Ինքը կարող էր երեկ պայմանավորվել, այսօր դրանից հետ կանգնել, մենք դրա ականատեսը եղել են՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական դաշտում։ Օրինակ, հայտնի ձայնագրությունում Նիկոլ Փաշինյանը ասում է, որ  հարկ եղած դեպքում ինքն ընտրում է իրեն գժի տեղ դնելու մարտավարությունը, միայն թե խուսափի ինչ–որ բաներից, որոնք կարող են խաթարել իր իշխանությանը։ Ես չեմ կարող պնդել, որ թշնամական  պետությունների հետ պայմանավորվածություններ կան, այսինքն առկա է ստորագրված փաստաթուղթ, բայց մենք տեսնում ենք թշնամական պետությունների հետ համախոհաբար գործելու քաղաքականություն։ Մենք շատ լավ տեսանք, որ Գորիս–Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ լուրը եկավ հայկական կողմից եւ  հայտարարեցին, որ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է եւ միայն դրանից հետո ադրբեջանական իրենց կիրթ եւ կառուցողական ընկերների առաջ վառեցին կանաչ լույսը, եւ Ադրբեջանը տեղադրեց մաքսակետեր։ Ուրեմն կա կապ, երկխոսություն, եւ Հայաստանի հասարակության հետեւում վարվող գործընթաց, որի հետեւանքները տեսնում ենք։ Այս գործընթացները կարող են հանգեցնել պայմանավորվածության, որովհետեւ մենք դրա հիմնավոր կասկածն ունենք, նախկինում տեսել ենք, որ ազգից գաղտնի ստորագրվեց փաստաթուղթ։ Մենք տեսանք նաեւ, թե ինչպես են իրենք ասում՝ ինչ որ պետք է, դա էլ կբանակցենք, գաղտնի պայմանավորվածությունների են գնացել, երրորդ երկրի միջոցով բանակցությունների հրավեր ուղարկեցին Թուրքիային։ Կարող է արդյո՞ք  սա բերել  անակնկալի եւ հանգեցնել նոր կապիտուլյացիոն փաստաթղթի, այո, ենթադրաբար հենց դրան էլ գործընթացը գնում է»,– ասաց նա։

Հետագա զարգացումները ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ կարող են երկու սցենարով գնալ։ «Այս իշխանությունների գոյատեւման պարագայում, մենք չենք ունենալու իր բնույթով հայկական պետություն, որը կունենա ներկա սահմանները, մենք փակելու ենք Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության վերջին էջը։ Երկրորդ սցենարն այս իշխանությունների հեռացումն է, որը կարող է եւ պետք է լինի համաժողովրդական դիմադրության պարագայում։ Այդ դեպքում մենք հնարավորություն ենք ունենալու կասեցնել անընդհատ զիջումների շարքը, նախ շունչ առնել կատարվող բոլոր իրադարձություններից եւ նոր էջից սկսել պետության  ուժեղացումն ու ամրապնդումը հիմք ստեղծելով կորցրածը վերականգնելու համար։ Թե այս երկու սցենարներից որով կընթանանք, դա կընտրի մեր ժողովուրդը, մեր գործը որպես ընդդիմություն, որպես հայ մարդ, դա թույլ չտալն է»։

Աղբյուրը՝  NEWS.am

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ