Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Առցանց միջոցառմանը մասնակցեց ԶԼՄ, պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների 80–ից ավելի ներկայացուցիչ։
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ այս մրցանակաբաշխությանը թափուր է մնում ամենաբաց պետական մարմին անվանակարգը, քանի որ որեւէ կառույց չի բավարարել չափանիշներին լիարժեք համապատասխանությունը։
ԻԱԿ-ի խորհրդանշական «Ոսկե բանալի» մրցանակ շնորհվեց տեղեկատվության ազատության լավագույն փորձ դրսևորած պետական և հասարակական կառույցներին.
ԻԱԿ-ի «Հատուկ մրցանակը» շնորհեց Բաց կառավարման գործընկերության հայաստանյան Գործողությունների 4-րդ ծրագրի «Կրթական տեղեկատվական միասնական պորտալ» հանձնառությունն հեղինակած և իրականացրած կառույցին՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին, համավարակի ընթացքում կրթության և տեղեկատվության հասանելիության ապահովման համար։
«Տեղեկատվության տրամադրման լավագույն պաշտոնական կայք» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ www.mineconomy.am:
Տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենաարդյունավետ կիրառելու համար բանալին շնորհվեց «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ին՝ բնապահպանական տեղեկատվության մատչելիության ապահովման համար։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործած լրագրող» անվանակարգում մրցանակի արժանացան Infocom․am կայքի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը և բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրող Թեհմինե Ենոքյանը։
«Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար հետևողականորեն պայքարող քաղաքացիական նախաձեռնություն» անվանակարգում Ոսկե բանալի ստացան Ֆիզիկայի գիտավանի բնակիչները՝ «ՖիզԳորոդոկ Երևան» նախաձեռնության համար։
Բացասական մրցանակի՝ Ժանգոտ կողպեքի արժանացան հետևյալ կառույցները․
«Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում բացասական մրցանակ ստացավ ՀՀ Ազգային ժողովը՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական նոր կարգավորումներ մշակելու և առանց մասնակցայնության ընդունելու համար։
«Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում կողպեքներ տրվեցին Պաշտպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին։
Ինչպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, այնպես էլ լրատվամիջոցների ու լրագրողների բազմաթիվ հարցումներ, որոնք ուղղված են եղել ՀՀ պաշտպանության նախարարությանը, մնացել են անպատասխան, կամ ստացել են խիստ ընդհանրական և/կամ անհիմն և ուշացած պատասխաններ։ Միաժամանակ հետպատերազմական ժամանակաշրջանում նախարարության կողմից տեղեկատվության ազատության իրականացումն ամենացածր գնահատականն է ստացել։
Քաղաքաշինությանն անչվող տեղեկատվության մատչելիության ոլորտում քաղաքապետարանը հետևողականորեն խախտում է տեղեկություն ստանալու իրավունքը։ ԻԱԿ-ի և քաղաքացիների մի շարք հարցումներ եւ բողոքներ մնացել են անպատասխան կամ տրվել են լղոզված և անհիմն պատասխաններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը